
Արցախի էջը չի՛ կարելի համարել փակված. Դեմ ենք ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը. Սամվել Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած արցախցիների հետ մի քանի անգամ հանդիպել ու նրանց բարձրացրած հարցերը քննարկել են:
«Բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական: Ինձ մոտ եկած այդ մարդիկ որևէ մեղադրանք իմ ուղղությամբ չեն հնչեցրել: Օգտվելով այս հարցից՝ ուզում եմ դիմել նաև մեր ժողովրդին, որպեսզի ճշմարտությունն իմանան: Տարբեր քննարկումներ են գնում, թե՝ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, գազի զապրավկաներ է ձեռք բերել. Այս ամենը ճշմարտությանը չի համապատասխանում: Ես Երևան քաղաքում ապրում եմ 2012թ. իմ կողմից ձեռք բերված 60 քառակուսի մետրանոց 2 սենյականոց բնակարանում՝ իմ 5 հոգանոց ընտանիքով: Դրանից ավել ես բան չունեմ»,- ասաց Սամվել Շահրամանյանը:
«Արցախի էջը չի կարելի համարել փակված, մինչև Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է, և չկա իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն»,- ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Արցախի նախագահը նշեց, որ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի հետ:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ լուծարման վերաբերյալ հայտարարություններին՝ նա շեշտեց, որ դեմ են դրան:
«Արցախի էջը փակելու, ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու վերաբերյալ հայտարարում են Հայաստանի իշխանությունները, և ես ակնկալում եմ նաև Հայաստանի քաղաքացիների արձագանքը»,- ասաց նա:
Նա շեշտեց՝ ՀՀ-ում չկա երկրորդ կառավարություն, կա մեկ կառավարություն. «Մենք երբևէ մեզ չենք համարում, որ մենք Հայաստանի կառավարություն ենք»:
Դիտարկմանը՝ իշխանական պատգամավորներից մեկն ասում էր՝ Շահրամանյանը թող ինքնասպան լիներ, չստորագրեր, Արցախի էջը չփակեր, նա արձագանքեց. «Նույն հայտարարությունն անողն անձամբ ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը»:
Ճշտող հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը ներողությո՞ւն է խնդրել, նա պատասխանեց. «Այո՛»:
Սամվել Շահրամանյանը վստահություն հայտնեց, որ հասարակությունն իր գնահատականը կտա այն մարդկանց, ովքեր թալանի մասին են խոսում, կեղծ օրակարգեր են առաջ քաշում, բայց անձամբ իրենք են այդպիսին:
Նա շեշտեց, որ Արցախից բռնի տեղահանությունից հետո մինչև այսօր ՀՀ իշխանությունների հետ որևէ առնչություն չունեն. «Այսպիսի պահվածքը, որ մենք մեզ օտար ենք զգում, անթույլատրելի է»:
Նա դատապարտեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններն արցախցիների վերաբերյալ:
Հարցին՝ Ձեզ մեղադրում են Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրելու մեջ, կա՞ր այլընտրանք, կարո՞ղ էիք դա չանել, և ո՞րն էր դրա գինը, նա պատասխանեց. «Դուք հիմա, որ այսպես նայում եք, Արցախի Հանրապետությունը լուծարվա՞ծ է: Սպառիչ պատասխան ենք տվել դրան՝ հաշվի առնելով նաև շահարկումները, որոնք իրականացվում են թե՛ ՀՀ ԱԳՆ, թե՛ ԱԺ-ում տարբեր իշխանական պատգամավորների կողմից»:
Դիտարկմանը՝ ասում են՝ Սոֆիայի փոխարեն՝ նախընտրեցիք Եվլախը, եթե գնայիք Սոֆիա, ՀՀ իշխանություններն էլ կաջակցեին ձեզ, նա արձագանքեց. «Սոֆիայի հարցը շատ է շահարկվում, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Ի՞նչ է նշանակում՝ չեք գնացել Սոֆիա՝ Ադրբեջանը ձեր վրա հարձակվել է: Ադրբեջանը նման իրավունք չունի»:
Հարցին՝ ինչո՞ւ չեք գնացել Սոֆիա, նա պատասխանեց. «Այդ ժամանակ նախագահ է եղել Արայիկ Հարությունյանը, այդ հարցը քննարկել ենք անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, մենք տվել ենք դրական պատասխան, որ պատրաստ ենք գնալ: Բացի դրանից, Սոֆիայի առաջարկից հետո 15 օր անց եղել է Բրատիսլավայում առաջարկ հանդիպելու, որը մենք ընդունել ենք, և մեր պատվիրակությունը գնել է տոմսերը այնտեղ գնալու, և Ադրբեջանը դա մերժել է: Այդ շահարկումները կապված են՝ փորձել սեփական քաղաքական, դիվանագիտական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա: Այդ շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակահատվածներում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում