Բաժիններ՝

Արաղչին և Գրոսին «օգտակար» հանդիպում են անցկացրել Թեհրանում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 16-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ Թեհրանում հանդիպում է ունեցել, որի ընթացքում տեղի են ունեցել «օգտակար» քննարկումներ։

Այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակում։

«Օգտակար քննարկում ունեցա ԱԷՄԳ-ի ղեկավար Գրոսիի հետ։ Առաջիկա ամիսներին գործակալությունը կարող է առանցքային դերակատարում ունենալ իրանական միջուկային գործի խաղաղ կարգավորման հարցում», – գրել է նա։

Գրոսին իր հերթին X-ում գրել է, որ Արաղչիի հետ հանդիպումը կարևոր էր։

«ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունն անփոխարինելի է՝ վստահելի երաշխիքներ տրամադրելու Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ այն ժամանակ, երբ դիվանագիտության հրատապ կարիք կա», – գրել է ԱԷՄԳ-ի ղեկավարը:

Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև Իրանի արտգործնախարարությունն իր Telegram ալիքում, ըստ որի՝ Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր ստանձնած  պարտավորությունները՝ «տեղի չտալով որոշ երկրների կողմից անհիմն ճնշումներին»։ Նախարարը վերահաստատել է Իրանի «վճռականությունը՝ շարունակելու փոխգործակցել և համագործակցել ԱԷՄԳ-ի հետ միջազգային-իրավական պարտավորությունների շրջանակներում»՝ կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Արաղչին նաև Գրոսիին տեղեկացրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքի մասին։Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտնել էր, որ Գրոսին կհանդիպի նաև երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Բանակցությունների երկրորդ փուլը կկայանա Օմանում ապրիլի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս