Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետ գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Էմոմալի Սոբիրզոդայի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանական և ռազմական ոլորտներում մեծացնել համագործակցությունը Տաջիկստանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ իրանցի գեներալը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Սոբիրզոդային՝ որպես Տաջիկստանի պաշտպանության նոր նախարար։

Աղբյուրի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Բաղերին ասել է, որ երկու զինված ուժերի փոխգործակցությունն ու համագործակցությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և մշտապես աճում ու զարգանում են։

«Գեներալ Բաղերին ընդգծել է տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների բարելավման կարևորությունը՝ հավելելով, որ մշակութային, պատմական, կրոնական և քաղաքական ընդհանրությունները կարող են հարմար հարթակ ստեղծել երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության համար»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Տաջիկստանի նախարարն, իր հերթին, Իրանի զինված ուժերը որակել է հզոր և մարտունակ՝ ընդգծելով, որ Թեհրանի պաշտպանական արդյունաբերությունը շատ առաջադեմ է տարածաշրջանում և աշխարհում։

Տեսանյութեր

Լրահոս