
Քեթի Փերին ևս հինգ կանանց հետ 11 րոպե տևողությամբ տիեզերական թռիչք է իրականացրել

Ամերիկացի փոփ աստղ Քեթի Փերին և ևս հինգ կանայք New Shepard տիեզերանավով տիեզերք են մեկնել Blue Origin հրթիռով և հաջողությամբ վերադարձել Երկիր՝ նշանավորելով 60 տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջովին կանանց անձնակազմի կողմից իրականացված տիեզերական թռիչքը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Անձնակազմը տիեզերք է բարձրացել է արևմտյան Տեխասից ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ապրիլի 14-ի առավոտյան ժամը 9։31-ին (Երևանի ժամանակով 17։31-ին) և մեկնել տիեզերքի սահման՝ կարճ ժամանակով հայտնվելով անկշռության մեջ։ Թռիչքը տևել է 11 րոպե, որից հետո նրանք վերադարձել են Երկիր։
Amazon-ի սեփականատեր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հիմնադրած Blue Origin տիեզերական ընկերությունն ուղիղ հեռարձակել է թռիչքը։Վեց հոգուց բաղկացած անձնակազմի թվում էր նաև Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, CBS-ի հաղորդավար Գեյլ Քինգը, NASA-ի նախկին հրթիռային գիտնական Աիշա Բոուն, գիտնական Ամանդա Նգուենը և կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը։
Քինգը նշել է, որ թռիչքի ընթացքում Փերին երգել է Լուի Արմսթրոնգի «What a Wonderful World» («Ինչպիսի հրաշալի աշխարհ») երգը։
«Ես ինձ չափազանց փոխկապակցված եմ զգում սիրո հետ», – ասել է Քեթի Փերին Երկիր վերադառնալուց հետո:
Փերին իր հետ տիեզերք էր տարել երիցուկ, որը նրան հիշեցնում էր իր դստեր մասին, որի անունը՝ Դեյզի, անգլերենից թարգմանաբար նշանակում է «երիցուկ»։
Առաջին կինը, որ 1963 թվականին գրեթե եռօրյա թռիչքի ժամանակ միայնակ պտտվել էր Երկրի շուրջ, խորհրդային տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան էր։ Այդ ժամանակից ի վեր առաջին անգամ էր տիեզերք բարձրանում անձնակազմ՝ բաղկացած միայն կանանցից։ Blue Origin-ը չի հայտնում, թե որքան է New Shepard տիեզերանավով թռիչքի մեկ տեղի արժեքը։ Իր կայքում ընկերությունը նշում է, որ հնարավոր ուղևորները պետք է վճարեն 150 000 դոլար՝ վերադարձվող ավանդի տեսքով՝ «պատվերի գործընթացը» սկսելու համար: