Տաջիկստանում երկրաշարժերի հետևանքով երեխա է զոհվել, ավերվել է 94 տուն

Տաջիկստանում ապրիլի 14-ին կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին  հայտնում է տաջիկական Avesta լրատվական գործակալությունը։

Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաշտ քաղաքից 37 կմ հեռավորության վրա։

Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում Տաջիկստանի տարբեր շրջաններում երեք երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի հետևանքով երեք տարեկան երեխա է զոհվել։

Բացի այդ, ավերվել են 94 բնակելի շենքեր, հասարակական շինություններ և Գյուլհանի գյուղի դպրոցի օժանդակ մասնաշենքը։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականի հիման վրա ստեղծվել է հանրապետական ​​հանձնաժողով՝ երկրի փոխվարչապետի գլխավորությամբ։

Հանձնաժողովը տեղում ուսումնասիրում է իրավիճակը, գնահատում վնասները և համակարգում աշխատանքները երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ։

Տաջիկստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանությունը ցավակցություն է հայտնել երկրի կառավարությանն ու ժողովրդին՝ վերջին երկու օրերին հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ։

Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ ապրիլի 13-ին, ժամը 09:24-ին երկրաշարժ է գրանցվել Տաջիկստանում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 160 կիլոմետր հյուսիս-արևելք, Ռաշտի շրջանից 21 կմ դեպի արևելք:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ, Ռաշտի շրջանում՝ 4-5 բալ, Դուշանբե քաղաքում՝ 3 բալ։Ապրիլի 13-ին առաջին ցնցումներից հետո հանրապետությունում գրանցվել է ևս երեք ստորգետնյա ցնցում, որի էպիկենտրոնը գտնվել է Ռաշտի շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս