
Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

Հայտնի են դարձել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև Օմանի մայրաքաղաք Մասկատում ընթացող անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ։
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ կողմերը քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների որոշակի թուլացումը՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դեպքում։
Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները միտված են նաև տարածաշրջանում լարվածության թուլացմանը ու բանտարկյալների փոխանակման կազմակերպմանը։
Մինչ բանակցությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության հրապարակումը՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քուսարին ռուսական РИА Новости գործակալության լրագրողին հայտնել է, որ իր երկիրն այս բանակցությունների ընթացքում չի համաձայնի նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցները մեղմելու պայմանով։
Մասկատում՝ Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ բանակցությունների մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նա տեղեկացրել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները տեղավորվել են առանձին սենյակներում, իսկ նրանց միջև հաղորդագրությունների փոխանակումն իրականացնում է օմանական կողմը։