
ԿԳՄՍ նախարարը ձմեռային ՕԽ մասնակից մարզաձևերի ֆեդերացիաների հետ հանդիպում է նախատեսում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ձմեռային մարզաձևերի` Օլիմպիական խաղերի նախապատրաստման համար, հանդիպում է նախատեսում ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների հետ:
«Փարիզի ամառային Օլիմպիական խաղերից առաջ էլ կառավարությունը աջակցության հատուկ ծրագիր էր գործարկել` «Օլիմպիական նպաստ», հեռանկարային մարզիկների, նրանց մարզիչների, բժիշկների համար: Ծրագրի հիմնական նպատակն է, որ մեր մարզիկները կենտրոնանան ոչ թե կենցաղային տարբեր խնդիրների լուծման, այլ կենտրոնանան իրենց մարզումների վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Փարիզի Օլիմպիական խաղերից հետո նախագծում դադար կլինի` ծրագրի վերլուծության համար: Հիմա այդ վերլուծությունն իրականացված է և այդ հիմքով է ներկայացվել Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար նպաստային ծրագիրը:
«Ինչ վերաբերվում է ձմեռային խաղերի մասնակից մարզիկների համար հնարավոր սպորտային նպաստին, ապա մենք առաջիկայում հանդիպում կունենանք ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիների հետ, որպեսզի նրանց հետ քննարկենք, թե ինչպիսի աջակցության կարիք իրենք ունեն»,-առանձնացրեց Անդրեասյանը:
Վերջինիս խոսքով` ձմեռային մարզաձևերում այլ իրավիճակ է, ի տարբերություն ամառային Օլիմպիական խաղերի մարզաձևերի:
Օրեր առաջ ԿԳՄՍ-ն ներկայացրել էր «Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին» նախագիծը, որին արձագանքել էր Դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը` հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ նույն նախագիծը կյանքի չի կոչվում ձմեռային մարզաձևերի համար: