Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կտրամադրվի ապրիլից մինչև դեկտեմբեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նախագծով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55.000 դրամից:

Սոցիալական աջակցություն չեն ստանա.

1. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձինք։

2. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձինք։

3. Պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձինք։

4. Ընտանիքները, որոնց անդամներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի միակ սեփականատեր, կամ ընտանիքի անդամներից մեկը կամ մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով (մեկ անդամը կամ ընտանիքի անդամները միասին՝ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։

5.Ընտանիքները, որոնց անդամներից մեկն ունի 2017 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոց, կամ եթե ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկի տարեկան չափը գերազանցում է 15 000 դրամը:

Նախատեսվող ամսական աջակցությունը կկազմի ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40 000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ:

Նախագծով աջակցության դիմումը կմերժվի այն անձի մասով, որոնք ՀՀ ԱԱԾ–ից ստացված տեղեկատվության համաձայն` չի գտնվում Հայաստանում:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1-ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։

Մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում, որի պահանջներից մեկն էլ այդ որոշման չեղարկումն էր, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Տեսանյութեր

Լրահոս