
Հարյուրամյակներով պետություն չենք ունեցել. շատ բան չգիտենք. Փաշինյան
Կառավարության նիստի ուղիղ եթերում նիստը վարող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խոսեց այն մասին, որ իրենց թիմը 7 տարի է՝ իշխանության է, բայց իրենք երկիր կառավարել չգիտեն, չգիտեն այն աստիճան, որ անգամ սուպերհամակարգչից օգտվել չգիտեն, սուպերհամակարգիչը «շարիկի» փոխարեն են օգտագործում, իրականում ոչինչ չգիտեն։
«Մենք հարյուրամյակներով պետություն չենք ունեցել, հիմա եկել սուպերհամակարգիչը վերցրել՝ ուզում ենք շարիկի տեղ օգտագործել… Շատ բան չգիտենք»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանն արդեն երկու սուպերհամակարգիչ ունի, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ինչպես գիտական և հետազոտական աշխատանքներ, այնպես էլ մեծածավալ քանակով հաշվարկներ անել։ Անցած տարի Հայաստանը Ֆրանսիայի Թուլուզի համակարգչային գիտությունների ինստիտուտի կողմից որպես նվիրատվություն ստացել է սուպերհամակարգիչ, որը վերազինվել է «Աթոս» ընկերության կողմից։ Սուպերհամակարգիչը 2024 թ. մայիսի 31-ից տեղադրված է «Ինժեներական քաղաքում» գործող ազգային «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնում։
2024 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Էնվիդիա» ընկերությունից ձեռք է բերվել նաև 2-րդ նոր սուպերհամակարգիչը` արհեստական բանականությամբ։ Այն հիմա տեղադրվում է ԵՊՀ-ում և «Ինժեներական քաղաքում» տեղադրվածի կրկնությունը չէ, այլ սկզբունքորեն նոր գործառութային հնարավորություններով համակարգիչ է, որը մեծածավալ քանակով հաշվարկներ անելու հնարավորություն է տալու։ ԵՊՀ–ում այս կենտրոնը կգործի այս տարեվերջին։
«ԵՊՀ-ն, ԿԳՄՍՆ-ն, այդ թվում նաև կառավարությունը պետք է սովորեն օգտվել սուպերհամակարգչից։ Դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Ավելի լայն համատեքստում`մի սուպերհամակարգիչ էլ պետությունն է, և ինչպես մենք սուպերհամակարգիչ չենք ունեցել, այնպես էլ հարյուրամյակներով պետություն չենք ունեցել։ Պետությունն ավելի բարդ սուպերհամակարգիչ է, քան ամենաբարդ սուպերհամակարգիչը։ Մենք սուպերհամակարգիչը վերցրել ենք, ուզում ենք շարիկ գլորենք դրանով։ Դա դրա համար չի նախատեսված»,– հայտարարեց Փաշինյանը։