
Գերմանիան Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել Ադրբեջանի ճնշման ներքո. Ալիև

Գերմանիան ի սկզբանե հրաժարվել է անհապաղ ներողություն խնդրել այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակել էր օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի պատկերը, սակայն հետագայում դա արել է Ադրբեջանի ճնշման ներքո. նման պնդում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ սկզբում գերմանական կողմը չի ցանկացել հրապարակային ներողություն խնդրել՝ սահմանափակվելով միայն «Մեր մեջ ասած՝ դա սխալ էր» խոսքերով։
«Սակայն Ադրբեջանը պնդել է, որ պաշտոնական ներողություն խնդրեն, դրանից հետո Գերմանիան ստիպված է եղել դա անել», – ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Դյորտե Դինգերն ապրիլի 1-ին ներողություն էր խնդրել Ադրբեջանից՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի պաշտոնական սոցցանցային էջում օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարի հրապարակման և արցախցիների թեմային անդրադարձի համար:
«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրել»,- հրապարակման մեջ գրել էր նախագահը՝ կցելով Արցախի պետական դրոշը:
Այնուհետև պաշտոնական Բեռլինը ներողություն էր խնդրել Բաքվից՝ նախագահի պաշտոնական էջում «սխալ դրոշի» (օկուպացված Արցախի Հանրապետության-Խմբ.) պատկերը հրապարակելու համար:
«Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել է դրոշի սխալ պատկերը և դրան կից տեքստը՝ կապված Ադրբեջանի շրջաններից մեկի հետ։ Սխալը հայտնաբերելուն պես համապատասխան հրապարակումն անմիջապես ջնջվել է: Հրապարակումն արվել է տեխնիկական սխալի հետևանքով և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում: Ես շատ վրդովված եմ այդ սխալից և ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որ վերը նշված հրապարակումը գործել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա: Դաշնային նախագահի առաջիկա այցը նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղության գործընթացին», – ասված է Դինգերի՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ուղղված նամակում։