
Հայաստանը կարևորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա. ԱԺ փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային արդյունավետ հանդիպում են ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովից, կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բազմակողմ հարաբերությունների կարևորությունը:
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Նա ընդգծել է, որ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է ունենալ հուսալի բարեկամներ, երկու երկրների միջև համագործակցությունն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում:
Հակոբ Արշակյանը խոսել է վերջին դիվանագիտական փոխայցերի, այդ թվում՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի և Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի մասին՝ որպես երկու երկրների միջև աճող քաղաքական և դիվանագիտական կապերի արտացոլում:
Զրուցակիցները վերահաստատել են ակտիվ համագործակցության կարևորությունը տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, էներգետիկան և առևտուրը, Հայաստանի ռազմավարական դիրքը՝ որպես դեպի Եվրոպա և դեպի հյուսիս տարանցիկ երթուղի, ինչպես նաև Իրանի կենսական կապերը Պարսից ծոցի, Հնդկաստանի և Արևելյան Ասիայի հետ: Նշվել են երկու երկրների համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում հետագա համագործակցությունը խթանող առանցքային գործոններ:ՀՀ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում:
Այս համատեքստում Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Իրանին Հայաստանի տարածքային ամբողջականությանը և նրա սահմանների անխախտելիությանը մշտապես սատարելու համար:
«Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ եւ պատրաստ ենք շարունակելու փոխգործակցությունն ու համագործակցությունը: Մենք կանգնած ենք մեր ընկերների իրավունքների կողքին»,-նշել է Համիդ-Ռեզա Հաջի Բաբային:
Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ եղած բոլոր հարցերի շուրջ բանակցությունները բարեհաջող ընթացք կունենան, և խնդիրները կհանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: