Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ

Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ՝ թույլ չտալու պետական ​​պաշտոնյաներին այցելել 1989 թվականի ապրիլի 9-ի հանրահավաքը ճնշելու ժամանակ զոհված անձանց հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ապրիլի 8-ի ուշ երեկոյան ցուցարարները հավաքվել են Ռուսթավելիի կենտրոնական պողոտայում։ Նրանց թվում են 2024 թ. դեկտեմբերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների ընտանիքների անդամները։ Ցուցարարների նպատակն է թույլ չտալ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և կառավարության այլ պաշտոնյաների հասնել խորհրդարանի շենքի դիմաց գտնվող հուշահամալիր։ 

Ըստ գործակալության՝ առավոտյան ժամը 7։30-ի դրությամբ խորհրդարանի դիմաց իրավիճակը հանգիստ է եղել, իրավապահները չեն միջամտել ակցիային։

Վրաստանում ամենօրյա բողոքի ցույցեր են տեղի ունենում 2024 թ. նոյեմբերի 28-ից ի վեր, այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկիրը միակողմանի սառեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման գործընթացը։

Բողոքի առաջին օրերն ամենալարվածն էին, հատուկ ջոկատայինները տարբեր միջոցների կիրառմամբ ցրում էին ցուցարարներին, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել։ Մի քանի անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։Sputnik գործակալության վրացական ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանում ապրիլի 9 ոչ աշխատանքային օր է և նշվում է որպես Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին ակտի ընդունման և ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր։

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի ապրիլի 9-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են հուշահամալիր՝ հարգելու 1989 թվականին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի կողմից Թբիլիսիում բազմահազարանոց ցույցը ցրելու զոհերի հիշատակը: Այդ օրը խորհրդային զորքերը ցրել էին Վրաստանի անկախության համար կազմակերպված ցույցի մասնակիցներին, ինչի հետևանքով զոհվել էր 21 մարդ, որոնց մեծ մասը՝ կանայք:

Ավանդույթի համաձայն՝ Թբիլիսիի բնակիչները կակաչներ են դնում խորհրդարանի շենք տանող աստիճաններին, և հոգեհանգստյան արարողություն է կատարվում Վրաստանի բոլոր եկեղեցիներում՝ ի հիշատակ զոհերի։ Հանրահավաքը ցրելու հետևանքով 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները հետաքննելու համար ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների կոնգրեսը ստեղծել էր հանձնաժողով՝ Անատոլի Սոբչակի գլխավորությամբ։

Հանձնաժողովը եզրակացրել էր, որ զինվորականները անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։1989 թվականի ապրիլի 9 շրջադարձային դարձավ Վրաստանի համար։ Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան, հետագայում՝ Վրաստանի նախագահը, հայտարարեց 1991 թվականի մարտի 31-ին անցկացված համազգային հանրաքվեի հիման վրա Վրաստանի անկախության վերականգնման մասին։

Հանրաքվեի ժամանակ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկել 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման ակտի հիման վրա երկրի անկախության հռչակմանը։

Տեսանյութեր

Լրահոս