
Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ընդդիմության առաջնորդին. «Տեղդ իմացի՛ր»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը X սոցիալական ցանցում խիստ քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին՝ պահանջելով, որ նա «իմանա իր տեղը»։
«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեր ժողովրդի աջակցությամբ երկար տարիներ ծառայել է Թուրքիային և պայքարել ամեն տեսակ խնամակալության դեմ։
Մենք ոչ մեկի հրամանին չենք ենթարկվել, բացի մեր ազգի հրամաններից։ Մենք ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել, բացի մեր ժողովրդից։
Մենք պայքարել ենք Թուրքիայի դեմ ուղղված ամեն տեսակի իշխանության և խնամակալության կենտրոնների դեմ»,- գրել է Ֆիդանը։
Ըստ նրա, «Օզգյուր Օզելն է, որը լեգիտիմություն է փնտրում քվեատուփերից դուրս և փորձում է քաղաքականություն ձևավորել փողոցում։
Հենց Օզգյուր Օզելն է, որ մի քանի շաբաթ շարունակ օտարերկրյա տերությունների օգնության հույսն ուներ՝ արտասահմանյան մայրաքաղաքներից աջակցություն աղերսելով, ասելով․ «Մենք մեզ լքված ենք զգում»։
Հենց Օզգյուր Օզելն է փորձում կոռուպցիայի մասին գործը վերածել հերոսական պատմության։
Մենք մերժում ենք այս մտածողությունը, որն իրար է խառնում անձնական հավակնությունները և դավադրության տեսությունները և դրանք ներկայացնում քաղաքականության տեսքով։
Մենք կշարունակենք աշխատել մեր ժողովրդին ծառայելու վճռականությամբ»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ավելի վաղ Օզգյուր Օզելը վերընտրվել էր ԺՀԿ-ի նախագահ։
Օզելն այն կուսակցության առաջնորդն է, որն իր նախագահի թեկնածու է ընտրել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Հիշեցնենք, որ Իմամօղլուի կալանավորումը լայնածավալ բողոքի ցույցերի պատճառ է դարձել ամբողջ Թուրքիայում։ Ի պաշտպանություն նրա բողոքի ցույցեր են անցկացվել նաև եվրոպական մի շարք քաղաքներում։