
ԱՄՆ-ի բաժնետոմսերի շուկան անկում է գրանցել մաքսատուրքերի մասին Թրամփի որոշումների պատճառով

Ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ապրիլի 3-ին կտրուկ նվազել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային մաքսատուրքերի ֆոնին։ S&P 500-ի և Nasdaq-ի անկումն առավելագույն մակարդակի է հասել 2020 թվականից ի վեր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր, որ պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի օտարերկրյա առևտրային գործընկերների նկատմամբ։ Չինաստանի համար մաքսատուրքերը կկազմեն 34%, ԵՄ-ի համար՝ 20%, Ճապոնիայի համար՝ 24%, Վիետնամի համար՝ 46%, Թայվանի համար՝ 32%։
Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի նվազագույն մակարդակը 10 տոկոս է։ Այն կսկսի գործել ապրիլի 5-ից, իսկ ավելի բարձր մաքսատուրքերը՝ ապրիլի 9-ից։
Ըստ Market Watch-ի՝ տնտեսագետների հաշվարկները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում մաքսատուրքերի միջին դրույքաչափը կկազմի շուրջ 22%, ինչը վերջին անգամ գրանցվել է 1910 թվականին։
Nike Inc.-ի բաժնետոմսերի գինը սակարկությունների արդունքում ընկել է 14,4%-ով։ Անցյալ տարի վիետնամական գործարաններին բաժին է ընկել Nike-ի բոլոր կոշիկների թողարկման մոտավորապես 50%-ը։
Սպորտային ապրանքների մյուս արտադրողների՝ Deckers Outdoor Corp.-ի և Lululemon Athletica Inc.-ի արժեթղթերի գնանշումները նվազել են համապատասխանաբար 14,5% և 9,6%-ով:
Անկումներ է արձանագրել Dollar Tree Inc. խանութների ցանցի օպերատորը, որն իր ապրանքների մեծ մասն ստանում է Չինաստանից: Walmart Inc. և Target Corp. ռիթեյլերների արժեթղթերը էժանացել են համապատասխանաբար 2,8%-ով և 10,9%-ով:
Էժանացել են Apple Inc.-ի բաժնետոմսերի գները, կտրուկ նվազել են ՏՏ ոլորտի մյուս ընկերությունների գնանշումները:
Tesla Inc.-ի կապիտալացումը նվազել է 5,5%-ով, Lucid Group Inc.-ինը՝ 3,3%-ով:Կտրուկ նվազել են նաև ամերիկյան բանկերի բաժնետոմսերի գնանշումները։
Ապրիլի 3-ին հրապարակված վիճակագրական տվյալները վկայում են ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար նոր հայտերի քանակի անսպասելի նվազման մասին:
Ապրիլի 3-ին շուկայի փակման պահի տվյալներով, Dow Jones Industrial Average-ի ինդեքսն ընկել է 1679,39 կետով (3,98%) և կազմել 40,545,93 կետ:
S&P 500-ի ցուցանիշը նվազել է 274,45 կետով (4,84%)՝ հասնելով 5396,52 կետի։Nasdaq Composite-ն անկում է արձանագրել 1050,44 կետով (5,97%)՝ կազմելով 16550,61 կետ: