Վեհափառը Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցին

Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար, Լյութերական-Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիլմոշ Ֆիշլի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց Հունգարիայի կողմից նախաձեռնված՝ արցախահայերի աջակցությանն ուղղված ծրագրերի առնչությամբ։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման խնդրին, գոհունակությամբ հաստատեց, որ շնորհիվ Հունգարիայի կառավարության և Մայր Աթոռի գործակցության 2021 թվականին հնարավոր եղավ ապահովել հինգ հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-հունգարական փոխգործակցությանը, Հայոց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքին։

Զրույցի ընթացքում վերապատվելի Վիլմոշ Ֆիշլը խոսեց հայ-հունգարական պատմական առնչակցությունների մասին, կարևորեց ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկու ժողովուրդների հարաբերությունների առավել զորացումն ու ամրապնդումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930