
«Հավանական է՝ մինչև 2026թ. ընտրություններ Գյումրիում կձերբակալեն ընտրված քաղաքապետին՝ լուծելու 2 խնդիր». Միքայել Նահապետյան

Գյումրիում մարտի 31-ին կայացած ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքական որևէ ուժի չհաջողվեց միանձնյա ձևավորել իշխանություն։ Անցողիկ շեմը, նախնական հաշվարկներով՝ հաղթահարել է 5 ուժ։
Նրանք են՝ ՔՊ՝ Սարիկ Մինասյան, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ Վարդան Ղուկասյան, «Մեր քաղաքը» դաշինք՝ Մարտուն Գրիգորյան, «Իմ հզոր համայնք»՝ Ռուբեն Մխիթարյան, «Մայր Հայաստան»՝ Կարեն Սիմոնյան։ Այս պահին սպասում են, թե ինչ որոշում կկայացնի Մարտուն Գրիգորյանը՝ ձայն կտա՞ Վարդան Ղուկասյանին, թե՞ ոչ, որպեսզի վերջինս Գյումրիում ձևավորի իշխանություն, որի համար անհրաժեշտ է 2 ձայն։
Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի խոսքով՝ դժվար է ասել, թե ինչ կորոշեն տեղում եղած ուժերը, քանի որ չգիտի, թե ինչ մշակույթի ու գաղափարի կրող մարդիկ են։
«Կարող եմ ասել, թե ես ինչ կուզեի, որպեսզի այդ ուժերն անեին, չնայած համոզված եմ, որ նման բան չեն անի։ Կարծում եմ՝ երկարաժամկետ արդյունավետության տեսանկյունից ճիշտ կլիներ, եթե շատ ձայներ ստացած թեկնածուներն ընտրեին ավելի քիչ ձայներ ստացած ուժի ներկայացուցիչ և նրան պատվիրակեին քաղաքային կառավարումը։ Մի քանի պատճառով այդ ամենը լավ կլիներ. գլոբալ առումով տեղի է ունեցել հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը տվել է Գյումրին, որպեսզի ստանա 2026 թվականի համապետական ընտրությունները։ Մարդկանց մոտ բթացել էր այն վախը, որ հնարավոր է «նախկինների» վերադարձ, Նիկոլ Փաշինյանն ու թիմը ամբողջ քարոզչական կամպանիան այնպես է տարել, որ լինի հենց այս արդյունքը։
Ասածիս մեջ մեղադրանք չկա ընդդիմադիր թեկնածուների հասցեին, իրենք կարող էին ձայն էլ չհանել, մեկ է՝ Նիկոլ Փաշինյանը տանելու էր այդ քարոզչությունը։ Ստեղծվել ու վերաթարմացվել է կերպար, որի հաղթանակը մարդկանց մոտ վախեր է ծնելու։ Նիկոլ Փաշինյանը հենց այս վախերն է օգտագործելու 2026 թվականի ընտրություններին՝ ասելով, թե՝ «տեսաք, Գյումրիում ինչ եղավ, դե հիմա եկեք ու խելոք ինձ ընտրեք և առհասարակ՝ հես ա բոլորին ձերբակալելու եմ ու նստեցնեմ բանտերը»»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Միքայել Նահապետյանը։
Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի վերը նշված խոսքերը ծափահարությունների կարժանանան մարդկանց մի մասի կողմից։ Հետևաբար՝ այս ամենին մեկ հակաթույն կա՝ անցողիկ շեմը հաղթահարած ուժերը պետք է ցույց տան, որ աթոռը, պաշտոնն իրենց համար այդքան կարևոր չէ, կարևորը գաղափարն է և աթոռը զիջել հանուն գաղափարի։
«Այդ ուժերը պետք է ցույց տան, որ հաղթել են, ու համաձայնեն քաղաքի կառավարումը հանձնել ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուներից մեկին՝ զուտ այն բանի համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չունենա իշխանություն ու այս իրավիճակը չօգտագործի։ Քաղաքի կառավարումը մնալու է այն մարդկանց ձեռքին, ում ձեռքին կա հստակ ռեսուրս ու ազդեցություն, եթե այդքան ձայն են ստացել, ուրեմն ունեն ռեսուրս ու ազդեցություն։
Այս ճանապարհով գնալը շահեկան կլիներ, որովհետև խոսակցություններից հետո, թե «2000-ականներին Վարդան Ղուկասյանը թալանում էր» և այլն, կստեղծվեր մի իրավիճակ, որ Վարդան Ղուկասյանը կասեր, որ «իշխանությունը չի վերցնում, Մարտուն Գրիգորյանի հետ միասին ո՛չ հաղթում ենք, ո՛չ պարտվում, այլ հակառակը՝ ընդհանուր գործի համար մեր հաղթանակը ձևակերպում ենք այսպես»։ Կարծում եմ՝ սա պատմության մեջ կմնար հասուն ու առաջնորդական վարքի դրսևորում, բայց նման բան տեղի չի ունենալու»,- հավելեց մեր զրուցակիցը։
Միքայել Նահապետյանը չի բացառում, որ Գյումրիում կրկնվի Վանաձորի սցենարը։
«Հավանական է, որ մինչև 2026 թվականի համապետական ընտրություններ՝ Գյումրիում կձերբակալեն ընտրված քաղաքապետին։ Այսպիսով 2 խնդիր կլուծեն՝ նախ կպարալիզացնեն Գյումրու վարչական ապարատը՝ ընտրություններում իրենց խանգարելու առումով, և դա կլինի քարոզչական փորձի վրայի «վիշնյան», ու կտարածվեն խոսակցություններ, թե՝ «բա տեսաք, էլի եկան, իշխանությունը գրավեցին, լավ է Նիկոլ Փաշինյանը ուշադիր էր ու զգոն, ճիշտ պահին բռնեց»։ Սա է լինելու 2026 թվականի քարոզչական նարատիվը։ Ուղղակի Գյումրիում հնարավորինս կհետաձգեն բուն ուժային գործողությունները, որպեսզի համապետական ընտրություներում դա սոուս դառնա, այդ պահին չեն անի։ Թեպետ չի բացառվում, որովհետև երբեք չգիտես, թե ինչ կա սատանայի մտքում»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։