
Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով երկու անձ է ձերբակալվել
Ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Այս մասին տեղեկացրին ոստիկանությունից։ Մեկի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու հատկանիշներով։
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 20-ին՝ ժամը 18:50-ին, Սվաճյան փողոցում ձերբակալել են Երևանի 32-ամյա և 34-ամյա բնակիչներին։ Նրանք տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։
32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 0,24 գրամ մեթամֆետամինի և 2,24 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ, ինչպես նաև էլեկտրոնային կշեռք։ Քննությամբ ձեռք են բերվել ապացույցներ, որ թմրամիջոցը նա նույն օրը ձեռք է բերել 34-ամյա տղամարդուց։
Երկուսն էլ ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատարանի որոշմամբ մարտի 22-ին կատարվել է խուզարկություն 34-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայում։ Արդյունքում հայտնաբերվել են երկու փաթեթ՝ համապատասխանաբար 0,53 և 22,92 գրամ ափիոնի նմանվող զանգվածներով, ինչպես նաև էլեկտրոնային կշեռք։
34-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է։