
Որտե՞ղ է Կարեն Պետրոսյանը. Ինչո՞ւ է տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդը մերժել Շիրակի մարզպետին

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կողմից վարվող վայրի, ռեպրեսիվ քարոզարշավի ֆոնին շատերը նկատեցին, որ դրանում դերակատարություն չունի Երևանի տնտեսագիտական համալսարանի՝ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժման պարագլուխ Կարեն Պետրոսյանը, ով Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը նվեր ստացավ հենց իր այդ գործունեության համար՝ իր մտերիմ ընկեր ու թիվ մեկ հովանավոր Արայիկ Հարությունյանի կողմից, երբ վերջինս դեռ ԿԳՄՍ նախարար էր:
Ի դեպ, Կարեն Պետրոսյանի վերահսկողությանն են հանձնված ևս երկու բուհեր՝ Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ), որտեղ ռեկտոր է նշանակված նրա քեռին, և Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը:
168.am–ի տեղեկություններով՝ Կարեն Պետրոսյանը մերժել է իր մեկ այլ ընկեր, Շիրակի մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Առուշանյանին՝ օգնելու ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին:
Այն, որ ՔՊ-ում ներթիմային խժդժությունը բարձր լարվածության է հասել, որևէ մեկի համար գաղտնիք չէ, ու թերևս դրա արտահայտությունն է, որ ունենալով ազդեցություն այդքան ուսանողի վրա՝ Կարեն Պետրոսյանը ոչ միայն մերժել է օգնել ՔՊ-ին, այլև ընդհանրապես ընտրություններից առաջ թողել ու մեկնել է Գերմանիա:
Ըստ ՔՊ-ի ներսում տարածված խոսակցությունների՝ Կարեն Պետրոսյանը տարբեր միջավայրերում ասել է՝ Նիկոլ Փաշինյանից ընդհանրապես չի վախենում, իր թիկունքն ավելի ուժեղ է՝ նկատի ունենալով Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: