Ադրբեջանը նոր ձևակերպում է գեներացնում. Ինչո՞ւ են կրակոցների միջոցով հոգեբանական ճնշման տակ պահում ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Երեկ 168.amանդրադարձել է Պաշտպանության նախարարությանն «արգելված կամ պարտադրված» հաղորդագրություններին։

Մենք ուշադրություն էինք հրավիրել նաև «…չեն թիրախավորում ՀՀ տարածքը» ձևակերպման վրա՝ այն ինչ-որ առումով համարելով անտրամաբանական և նույնիսկ վտանգավոր։

Եվ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ադրբեջանական կրակոցներին և դրանք արձանագրող տեսանյութերին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շատ հանգիստ հայտարարել է, ավելի ճիշտ՝ կրկնել, որ դրանք ՀՀ ուղղությամբ չեն, և, որ դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով, պաշտպանական գերատեսչության կողմից հայտարարության չեն արժանանում:

Նշենք, որ կրակոցներից գյուղացիների տանիքների վնասման դեպքերի մասին տեղեկություններ կան մամուլում:

Կարդացեք նաև

Սա արդեն թույլ է տալիս ասելու, որ գործ ունենք ոչ թե իրավիճակային հայտարարության, այլ արմատացող վտանգավոր քաղաքականության հետ. մոտ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի առջև լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ և նպատակներ էր դրել, իսկ այսօր Սուրեն Պապիկյանն ադրբեջանական կրակոցները կամ քայլերը բաժանում է վտանգավորի և ոչ վտանգավորի, ու դեռ հարց է՝ այդ գնահատականը սոցցանցերում շրջանառվող տեսանյութերի հիման վրա՞ է, թե՞ ձեռքի տակ կամ «գետնի վրա» եղած հստակ ռազմական տվյալների, վերլուծությունների՝ իր իսկ ղեկավարած կառույցի շրջանակում:

Բացի այդ՝ չկա որևէ երաշխիք, որ այդ ոչ վտանգավոր կրակոցը հաջորդ պահին չի դառնալու վտանգավոր, թեպետ, ըստ մամուլի հրապարակումների, դեռ մինչև հիմա շարունակվող ադրբեջանական կրակոցների փաստն արդեն վտանգավոր է, քանի որ այն Ադրբեջանի կողմից հոգեբանական ճնշման գործադրում է ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա։ Ավելորդ է անգամ խոսել Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հիբրիդային պատերազմի մասին:

Թերևս, կարիք չկա պարզաբանելու, թե ինչ գործողություններ է սա ենթադրում:

Ավելին, արգենտինական PERFIL հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հեռուն գնացող և մտահոգիչ ձևակերպում է արել՝ որպես Հայաստանին ներկայացվող պահանջ, խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման:

Ըստ Ամիրբեկովի, նոր սահմանադրություն ընդունելուց և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելուց բացի, Հայաստանը պետք է բացառի կամ չեզոքացնի, այսպես ասած, օտար ուժերի ներկայությունը «սահմանամերձ տարածքներից»:

Այսինքն, Ադրբեջանն արդեն գեներացնում է ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին 3-րդ ուժի բացառման մասին, այլ սահմանամերձ տարածքներից: Ավելորդ է բացատրել տարբերությունը կամ նշել, թե այս ձևակերպման տակ ինչ պահանջներ կարող է տեղավորել Ադրբեջանը, այն էլ այն դեպքում, երբ Փաշինյանի օրոք անգամ ոչ սահմանամերձ Ջերմուկն է դարձել սահմանամերձ:

Իսկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ասել է, թե պաշտպանական գերատեսչությունն ուշիուշով հետևում է վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների և հայկական կողմին ուղղված՝ ադրբեջանական մեղադրանքների հետ կապված իրավիճակին:

«Դրա լուծման տարբերակը, կարծում ենք, դիվանագիտական ճանապարհն է, և հարցի կարգավորումն այդ կերպ ենք պատկերացնում ու իրականացնում»,- շեշտել է Պապիկյանը:

Բնականաբար, խնդրի դիվանագիտական և քաղաքական լուծմանը ոչ ոք դեմ չի արտահայտվում և ոչ էլ պատերազմի կոչ անում, բայց նախ ՀՀ զինված ուժերն օրենքով սահմանված իր պարտականություններն ունի, երկրորդ, Ադրբեջանը, ըստ էության, ինչ-որ առումով ուժի սպառնալիքի է դիմում՝ իր դեռ չլուծված քաղաքական խնդիրներին հասնելու համար, և հարցը քաղաքական ճանապարհով լուծելու պահանջներ դնում՝ մինչ այդ չհրաժարվելով ուժի սպառնալիքի կիրառումից կամ հայկական կողմի «վախը չափելու» գործելաոճից:

Արդյոք սա չի՞ խոսում փաշինյանական դիվանագիտության ձախողման մասին:

Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, պարտադրում է ՀՀ զինված ուժերին հրաժարվել օրենքով սահմանված սեփական պարտականություններից և տեղավորվել իր որդեգրած վախվորած քաղաքական տրամաբանության մեջ, ինչի դեմ Սուրեն Պապիկյանը կարծեք չի ընդվզում:

Հիշեցնենք, որ «Պաշտպանության մասին» օրենքով ՀՀ պաշտպանության նախարարությունը, նախարարը, մասնավորապես, պիտի իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրի և գնահատի ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանը, իրականացնի ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպում ու ապահովում:

Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանի թիմակից պաշտպանության նախարարը «զիջում է» իր պաշտոնական լիազորությունները և վախենում է պատերազմից զուտ այն պատճառով, որովհետև տեսել է, թե ինչպես է իր քաղաքական առաջնորդը պատերազմի պարտությունը կամ ադրբեջանական ներխուժումների մեղքը բարդում ռազմական ղեկավարության վրա, և եթե հանկարծ ինչ-որ պահի անհամաձայնություն կամ «ապստամբություն» է լինում, հրաժեշտ են տալիս պաշտոնին, անցնում քրեական գործերով կամ գտնվում քրեական գործերով անցնելու սպառնալիքի տակ:

Ամեն դեպքում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարող է հետ գնալ 2016 թվական՝ Ապրիլյան պատերազմի օրեր, և տեսնել, թե ինչպես էր ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ օրերին աշխատում հենց ռազմական դիվանագիտության և արտաքին քաղաքական դաշտում՝ երբեմն, այսպես ասած, իրականացնելով նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության գործառույթը:

Ի դեպ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի վտանգ կար երեկ, պատերազմի վտանգ կա այսօր, պատերազմի վտանգ լինելու է նաև վաղը:

Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Ադրբեջանին պատասխան պահանջ ներկայացնել, որ վերացնի իր սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ, ապա ստացվում է, որ Ադրբեջանը նաև «լեգիտիմ հիմք է ունենում» հարձակվելու Հայաստանի վրա:

Իսկ ինչպես մի առիթով հայտարարել է Փաշինյանը՝ «Ադրբեջանն իր կազմի մեջ է տեսնում ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը՝ ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ»:

Մինչդեռ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ադրբեջանական կրակոցների և Պաշտպանության նախարարության առաջարկի մասին, որ Ադրբեջանն իրենց փոխանցի «հայկական կողմից հրադադարի խախտման» փաստերը, հայտարարել է, թե իրավիճակը պետք է ավելի խորը և համապարփակ հասկանան, և որ դիվանագիտական խողովակներով որոշակի տեղեկություններ են ստացել, որոնք ամենայն լրջությամբ քննում են, որպեսզի հասկանան իրադրությունն ավելի կոնկրետ:

«Ցանկացած իրադրություն և երևույթ ավելի լավ պետք է հասկանալ, գուցե կան շերտեր, որոնք առաջին, երկրորդ, երրորդ հայացքից տեսանելի չեն: Խնդիրն այն է, որ երկու կողմերից ոչ մեկը չի հայտարարում, որ՝ ես ուզում եմ էսկալացնել իրավիճակը: Եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ չեն ուզում, ուրեմն՝ երկու կողմն էլ պետք է որոշակի շահագրգռություն ունենան, որ եթե կան ինչ-որ երևույթներ, փորձեն աջակցել մեկը մյուսին՝ այդ երևույթներն ավելի լավ հասկանալու համար»,- շեշտել է նա՝ հավելելով, որ սահմանային միջադեպերի հետ կապված էլ ընդհանուր վերաբերմունքը և ընկալումը պետք է փոխվի, և բանաձևը պետք է փոխվի: Գնում են այդ բանաձևը փոխելու ճանապարհով:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում ՀՀ պաշտպանության նախարարության պնդումները՝ հրադադարի ռեժիմը չխախտելու կամ ադրբեջանական կրակոցներին չպատասխանելու հետ կապված, և չի բացառվում, որ Փաշինյանը միջադեպերի սեփական հետաքննությունն անի և մեղադրական սլաքն ուղղի ՀՀ զինված ուժերի դեմ, հատկապես որ, «խորը շերտեր հասկանալ փորձող» Փաշինյանը չի նկատում, որ իր գործողություններով Ադրբեջանը փորձում է գնալ էսկալացիայի, և, որ դրանով ներքին և արտաքին խնդիրներ է լուծելու:

Ինչ վերաբերում է սահմանային միջադեպերի վերաբերյալ մոտեցումների և վերաբերմունքի փոփոխությանը, հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության և նախարարի վերջին գնահատականները, ձևակերպումները, տարբերակումները՝ կարող ենք ասել, որ այդ փոփոխությունն արդեն տեղի է ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս