
Տեղեկություններ ենք ստացել, ստուգում են. Փաշինյանը՝ սահմանային կրակոցների մասին
«ՊՆ-ն իր հաղորդագրությունների մեջ անընդհատ ընդգծում է, որ պատրաստ ենք քննել բոլոր այն դեպքերը, որոնց վերաբերյալ կլինի կոնկրետ տեղեկատվություն: Այս ուղերձը նաև հղել ենք դիվանագիտական խողովակներով, և նաև որոշակի տեղեկություններ ենք ստացել դիվանագիտական խողովակներով, այդ տեղեկություններն ամենայն լրջությամբ քննում ենք, որպեսզի հասկանանք իրադրությունն ավելի կոնկրետ»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան, իբր, հայկական կողմի կրակոցների վերաբերյալ ադրբեջանական քարոզչական արշավի մասին հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Խնդիրն այն է, որ երկու կողմերից ոչ մեկը չի հայտարարում, որ ես ուզում եմ էսկալացնել իրավիճակը: Եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ չեն ուզում, ուրեմն՝ երկու կողմն էլ պետք է որոշակի շահագրգռություն ունենան, որ եթե կան ինչ-որ երևույթներ, փորձեն աջակցել մեկը մյուսին՝ այդ երևույթներն ավելի լավ հասկանալու համար: Կարծում եմ՝ սա է ճիշտ ճանապարհը՝ խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ»,- նշեց նա։
Փաշինյանը նաև հայտարարեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը նաև դե յուրե. «Սահմանազատման կանոնակարգերը, որոնք արդեն վավերացված թղթեր են երկու երկրներում, Ալմա Աթայի հռչակագիրը ճանաչված է որպես բազային սկզբունք: Եվ մենք այս համատեքստում ասում ենք, որ մենք ղարաբաղյան շարժումը չենք շարունակում: Մենք համարում ենք, որ գնում ենք ուրիշ ճանապարհով: Դա նշանակում է, որ սահմանային միջադեպերի հետ կապված էլ ընդհանուր վերաբերմունքը և ընկալումը պետք է փոխվի և բանաձևը պետք է փոխվի: Գնում ենք այդ բանաձևը փոխելու ճանապարհով»:
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանին առաջարկել են խորհրդակցություններ սկսել. «Լավ չէ դիվանագիտական աշխատանքի մասին պատմել, որովհետև երբ այդ աշխատանքն արդյունավետ կլինի, արդյունք կբերի, այդ արդյունքը կտեսնեն բոլորը»:
Մանրամասները՝ տեսանյութում