
«Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, բայց մենք դա փոխելու հարց չենք բարձրացնում». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ արձագանքն ասիմետրիկ Ադրբեջանի ապակառուցողական դիրքավորմանը։
«Խնդրում եմ, այս հարցը պարզաբանեք մեր հասարակության համար»,- նշեց իշխանական պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ սիմետրիկ, թե ասիմետրիկ իրադրության առանձնահատկությունը հետևյալում է՝ Հայաստանը որդեգրել է ռազմավարություն և գնում է այդ ռազմավարությամբ։
«Մեզ համար ակնհայտ է, որ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս կան պրոցեսներ, ցանկություններ, պլաններ՝ Հայաստանին ու Հայաստանի կառավարությանը դուրս բերել այդ ռազմավարությանը հետևելու և այն շարունակելու ուղեգծից։ Մեր բոլոր գործողությունները պետք է կարդալ այս տրամաբանությունով, այսինքն՝ մենք որդեգրել ենք ռազմավարություն և գնում ենք այդ ռազմավարական ճանապարհով։ Մնացած ամեն ինչը մենք դիտարկում ենք այս դիտանկյունից և այս ռազմավարության ֆոնին չենք կարող չնկատել ամենատարբեր գործոններ։
Ինչ վերաբերում է պայմաններին ու նախապայմաններին, ապա տեսեք՝ մենք ինչո՞ւ ենք ասում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը մեզ համար քննարկելի է, այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ ասացի, որ կարծում եմ՝ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այս ամենը հաշվի առնելով՝ ինչո՞ւ են հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցով որոշումը։
«Ասում ենք՝ ուզում ենք համոզված լինել, որ մենք ունենք քաղաքական որոշում, որ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք չեն սկսում մի ուրիշ շարժում, ասենք՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում։ Այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունն Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Կարծում եմ՝ շատ պարզ տրամաբանություն է։
Ինչ վերաբերում է Սահմանադրության մասին դրվագին, նախկինում դրան բազմիցս անդրադարձել եմ՝ ասելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստն այդ խնդիրը լուծում է, սա է պատճառը, որ մենք չենք բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարցը, որովհետև այնտեղ մենք տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում