
Դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող ՅՈՒՆԻՖԻԼ-ի կենտրոնակայան

Մարտի 22-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը՝ ռազմական կցորդ գնդապետ Արթուր Դալիբալթյանի և դեսպանության խորհրդական Ստեփան Գևորգյանի ուղեկցությամբ, այցելել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող ՅՈՒՆԻՖԻԼ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը:
Դեսպանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԻՖԻԼ-ի Արևմտյան սեկտորի հրամանատար, բրիգադի գեներալ Նիկոլա Մանդոլեզիին, ով բարձր է գնահատել ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում՝ նշելով, որ հայկական զորախումբը շարունակել է իրականացնել պահակային ծառայությունը նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաղապահների մեծ մասը գտնվել են բունկերներում:
Վահագն Աթաբեկյանը ողջունել է հայ խաղաղապահներին, շնորհակալություն հայտնելով գերազանց ծառայության և Լիբանանում կայունության և խաղաղության հաստատման հարցում գործուն մասնակցության համար: