
Իրանը ճնշման և սպառնալիքների պայմաններում ուղիղ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը ճնշման տակ ուղղակի բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
«Առավելագույն ճնշման ու սպառնալիքների ներքո Իրանը հաստատ ուղղակի բանակցությունների չի գնա Ամերիկայի հետ։ Սա մեր հստակ քաղաքականությունն է, և այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել մյուս կողմի վերաբերմունքն Իրանի ժողովրդի նկատմամբ։ Իհարկե, անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է, և մենք դա կարող ենք անել տարբեր խողովակներով։ Մեր նպատակն ու առաքելությունը երկրի ու ժողովրդի ազգային շահերի և ազգային անվտանգության գիտակցումն է, և այս առումով մենք բաց չենք թողնի ոչ մի հնարավորություն», – ասել է նա։
Ավելի վաղ Аxios-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված նամակում 2 ամիս ժամանակ է տվել՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: