
Թուրքիայում բողոքի ցույցերի արդյունքում ձերբակալվել է 350 մարդ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայում ձերբակալվել է 350 մարդ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։
Նախօրեին Ստամբուլում և Անկարայում, ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։
Ըստ ականատեսների՝ որոշ դեպքերում իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ, իսկ ուսանողները կոտրել են երկաթե բարիկադները:Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցին 300 հազար մարդ է հավաքվել։
Քաղաքական գործիչը զգուշացրել է իրավապահ մարմիններին արցունքաբեր գազ չօգտագործել։ Երլիքայան ավելի վաղ հայտնել էր, որ բողոքի ցույցերի ժամանակ 97 մարդ է բերման ենթարկվել՝ զգուշացնելով սադրանքների և վանդալիզմի մասին:
«Երեկ երեկոյան Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Անթալիայում, Չանաքքալեում, Էսքիշեհիրում, Կոնիայում և Էդիրնեում բողոքի ցույցերի ժամանակ բերման են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանք, ովքեր ձգտում են խաթարել հասարակական կարգը, սպառնում են մեր երկրի կայունությանը և անվտանգությանը, փնտրում են անկարգություններ և սադրանքներ, սակայն նրանց երբեք նման հնարավորություն չի ընձեռնվի»,- հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարարը։
Չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարեց Իմամօղլուի ձերբակալության մասին՝ կապված կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու հետ։
Ինքը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը, ասել է, որ իշխանությունների ճնշման տակ հրաժարական տալու մտադրություն չունի։
Ստամբուլի քաղաքապետի կալանավորումը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Ստամբուլի կենտրոնական մի շարք փողոցներում և արգելել են քաղաքում ցանկացած հանրահավաք և ցույց մինչև կիրակի։