ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Շոյգու

ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը նրա համար կնշանակի հակառուսական պատժամիջոցներին և Ուկրաինային զենքի մատակարարմանը միանալու անհրաժեշտություն։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Հայաստանը ստիպված կլինի միանալ եվրոպական պատժամիջոցներին և Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին, այդ թվում՝ այնպիսի գործիքների շրջանակներում, ինչպիսիք են ԵՄ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամը։ Այս հիմնադրամը ֆինանսապես աջակցում է Ուկրաինայում նացիստական ռեժիմի զինված ուժերին»,-ասել է նա լրագրողներին։

Շոյգուի խոսքով՝ այդ քայլերն ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլև Իրանի դեմ, որի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 737 մլն դոլար:

Նա հիշեցրել է նաև Եվրամիությանը միանալու գործընթաց սկսելու դեպքում արտոնությունների կորստի մասին։ Դա վերաբերում է ԵԱՏՄ միասնական աշխատաշուկային, պարզեցված գրանցմանը, անվճար բժշկական օգնությանը, անվճար կրթությանը և այլն։

«Ամենահամեստ հաշվարկներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը Եվրամիությանը միանալու բանակցային գործընթացի փուլում Հայաստանի համար կարժենա ՀՆԱ-ի 30-40 տոկոսը։ Դա կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի փոքրացումը, գործազրկության աճը և գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի կտրուկ անկման։ Ընդ որում, հաշվի առնելով եվրոպական տնտեսության վիճակը` Երևանը չպետք է ԵՄ-ից շռայլ սուբսիդիաների հույս ունենա»,-ասել է Շոյգուն։

Տեսանյութեր

Լրահոս