
«Այս իշխանությունը Հայաստանն էլ կտա, հայ ժողովրդին էլ կծախի». Վազգեն Սիսլյան

Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամները՝ նախարարներ, պատգամավորներ, ամեն առիթով հայտարարում են, որ այսքան ժամանակ որևէ բան Ադրբեջանին չեն զիջել, ավելին՝ «խաղաղության պայմանագրով» ևս որևէ բան չեն զիջում Ադրբեջանին՝ մոռանալով խոսել Արցախի հանձնման և դրա հետևանքների մասին։ ՔՊ-ի քարոզչությունը մեկն է՝ Ադրբեջանի հետ ամեն գնով ստորագրել «խաղաղության պայմանագիր», իսկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, որոնց կատարման դեպքում է միայն պատրաստ ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր»։
Ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղությանը չի հավատում՝ լինի ստորագրված փաստաթղթով, թե առանց դրա։
«Սա ոչ թե խաղաղություն է, այլ հային ու Հայաստանը ոչնչացնելու սկիզբը։ Գաղտնիք չէ, չէ՞, Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը, որը դարեր շարունակ նույնն է եղել՝ վերացնել հայությանը։
Իշխանությունը պրոպագանդում է՝ փոխզիջում, հա փոխզիջում, մենք փոխզիջում տեսե՞լ ենք, իհարկե չենք տեսել, ՀՀ իշխանության կողմից միայն զիջումներ ենք տեսնում։
Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ այս երկիրը պատկանում է ժողովրդին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը։ Իշխանությունն ընտրվում է, որպեսզի աշխատի այդ երկրի համար, հետևաբար՝ պետք է քաղաքացին ստիպի այդ իշխանությանը, որ աշխատի ի շահ երկրի։ Իշխանությունը ժողովրդին պատկանող տարածքներ է զիջում, ժողովուրդը չպետք է թույլ տա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վազգեն Սիսլյանը։
Նրա բնորոշմամբ՝ թշնամին վաղը-մյուս օրը կուզի նաև Երևանը, դեռ այդ թուղթը չստորագրած՝ Ադրբեջանը նոր պայմաններ է առաջ բերում, իսկ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պետք է արդեն ստորագրվի։
«Թվում է՝ այլևս թշնամուն զիջելու բան չկա, բայց ոչ՝ կա, Հայաստանն ամբողջությամբ, սա՛ է թշնամու պահանջը։ Ունենք իշխանություն, որի մեջ որևէ ազգային ու հայկական զգացում չկա, հետևաբար՝ այդ իշխանությունը Հայաստանն էլ կտա, հայ ժողովրդին էլ կծախի։ Ես չեմ զարմանա, որ վաղը Փաշինյանը հայտարարի, թե մենք արմատներով ադրբեջանցի ենք արդեն։
Այս ամենի միակ ելքը պայքարն է՝ պայքար ամեն ձևի, և այդ պայքարի միակ ռեսուրսը ժողովուրդն է, կրկնում եմ՝ պայքարի համար կա ռեսուրս՝ ժողովուրդն է։ Մեր հայրենիքի, սահմանների պաշտպանն իշխանությունը չէ, մենք ենք՝ բոլորս։ Այսպես շարունակվելու դեպքում՝ չգիտեմ՝ մեր վերջն ինչ է լինելու, ուստի ելքը պայքարն է»,- ընդգծեց Վազգեն Սիսլյանը։