Թուրքական ԶԼՄ-ների եռօրյա մեդիատուրի համար ՀՀ պետբյուջեից 7,5 միլիոն դրամ է ծախսվել

Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի համար մեկ անձից գնման ընթացակարգով ՀՀ պետբյուջեից ծախսվել է 7 մլն 550 հազար դրամ։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գրավոր հարցման ի պատասխան այս մասին հայտնել են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Թուրքական 10 լրատվամիջոցներից մեդիատուրին մասնակցել են 10 լրագրող և 5 ուղեկցող։

Թուրքիա-Հայաստան երկկողմանի տեղափոխման ծախսը` ներառյալ մուտքի արտոնագիրը, կազմել է 2 մլն 35 հազար դրամ, կեցության համար ծախսվել է 2 մլն 301 հազար դրամ, սննդի համար՝ 1 մլն 865 հազար դրամ, փորձագիտական քննարկման նպատակով հյուրանոցի սրահի և տեխնիկայի վարձակալությունն (2 օր) արժեցել է 1մլն 88 հազար դրամ, իսկ Հայաստանում տրանսպորտային ծախսը՝ 260 հազար դրամ։

ԻԱԿ-ից նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ թուրքական լրատվամիջոցներին ուղղված հրավերի տեքստում նախատեսված է եղել ոչ թե ՀՀ վարչապետի հետ հարցազրույց, այլ «Օրբելի» ֆորումին մասնակցություն, տեղական մեդիաների, իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում:

Հավելենք, որ ի սկզբանե մեդիատուրը նախատեսված էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերի 9-13-ը, սակայն Սիրիայում տեղի ունեցած զարգացումները հաշվի առնելով՝ որոշում է կայացվել տեղափոխել այն։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տարածել է այս պատճեները՝ գրելով.

«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների մեդիատուր Հայաստանում

📌ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ

🟢 Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7 550 280 դրամ, որից՝

– Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղափոխման համար ծախսը, ներառյալ մուտքի արտոնագրի աջակցությունը կազմել է 2 035 000 դրամ,

– Հայաստանում տրանսպորտային ծախսը 260 000 դրամ,

– կեցության ապահովման ծախսը՝ 2 301 000 դրամ,

– սննդի ապահովման ծախսը կազմել է 1 865 880 դրամ,

– փորձագիտական քննարկման նպատակով հյուրանոցի սրահի և տեխնիկայի վարձակալության ծախսը 2 օրվա համար 1 088 400 դրամ։
– Թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։

🟢Գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգի սկզբունքով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնման գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի «10»-րդ կետի։

‼ Չնայած ԻԱԿ-ը նաև այս ծախսերը հավաստող պայմանագրերի պատճեներն էր պահանջել, սակայն պատասխանում նշել են, որ պայմանագրերի կնքման որոշման մասին տեղեկատվությունը հասանելի է gnumner.minfin.am կայքում։

🟢Ի սկզբանե մեդիատուրը նախատեսված էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն Սիրիայում տեղի ունեցած զարգացումների փուլին որոշում է կայացվել այն տեղափոխել։

‼ Հատկանշական է, որ թուրքական լրատվամիջոցներին ուղղված հրավերի տեքստում նախատսեված է եղել ոչ թե ՀՀ վարչապետի հետ հարցազրույց, այլ Օրբելի Ֆորումի, մասնակցություն, տեղական մեդիաների, իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում:

👇Կից ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված հրավերի օրինակներ են»:

Տեսանյութեր

Լրահոս