Մասուդ Փեզեշքիան. Իրանը երբեք նվաստացում չի հանդուրժի

Ընդգծելով դժվարությունները հաղթահարելու Իրանի ժողովրդի վճռականությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք տեղի չի տա նվաստացմանը, գրում է Mehr-ը։

Շաբաթ օրը մի խումբ իրանցի բարերարների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը կարևորել է ժողովրդի վճռորոշ դերը ճգնաժամերի լուծման և կառավարությանն աջակցելու գործում:

Իրանի նախագահը հայտարարել է, որ միասնությունն ու համերաշխությունը կարող են օգնել ազգին հաղթահարել ցանկացած խոչընդոտ:

«Ոչ մի ուժ, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը կանգնի նրանց կողքին, չի կարողանա հաղթել Իրանի ժողովրդին։ Այսօր որոշ պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն և որոշ եվրոպական երկրներ, սխալմամբ կարծում են, որ Իրանը թուլացել է, և իրենք կարող են ճնշում գործադրել։ Այն, ինչ նրանք չեն կարողանում հասկանալ, այն է, որ Իրանի ժողովուրդը երբեք նվաստացում չի հանդուրժի»,- ասել է նա։

Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է նաև հանրության ներդրումներին վստահելու կարևորությունը` նշելով, որ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ կարելի է զգալի առաջընթացի հասնել: Նա խոստովանել է, որ վարչակազմը չի կարող լուծել բոլոր խնդիրներն առանց հանրային աջակցության։

Փեզեշքիանը բոլոր իրանցիներին միավորվելու կոչ է արել։

«Եթե ​​անգամ հարյուր անգամ ձախողվենք, քանի դեռ ապրում ենք, մեր երկիրը կառուցելու ենք ներքին միասնության և մեր հարևանների հետ առողջ հարաբերությունների հիման վրա»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս