
Փաշինյանին սատարում են միայն Թուրքիան և ԵՄ որոշ ուժեր, բայց այդ աջակցությունն էլ է թուլանում․ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի կառավարիչները հլու-հնազանդ իրականացնում են Ադրբեջանի բոլոր պահանջները։ Փաշինյանի ռեժիմը խելոք կատարում է Ալիևի ցուցումները և իրականացնում Հայաստանի ադրբեջանացման քաղաքականություն։ Թե ինչ է ասում՝ «յաշիկ առ յաշիկ» հետ բերելու և այլնի մասին, արդեն կարևոր չէ։ Մեկը, որն ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «թավշյա հեղափոխությունը պետք է բերի Հայաստանի հզորացման», պատերազմից երկու օր առաջ ասում էր՝ «եթե պետք լինի, մեկ հարցազրույցով Ադրբեջանում ներքին քաղաքական հուզումներ կառաջացնեմ», պատերազմի 44 օրերին ասում էր՝ «հաղթում ենք», պատերազմից հետո էլ պնդում էր, թե Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, այսօր վերածվել է Ադրբեջանի կամակատարի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Խաղաղություն, իհարկե, հնարավոր է։ Այսօր Արցախում ու Նախիջևանում էլ է խաղաղ, բայց այնտեղ հայ չկա։ Ստամբուլի հայկական համայնքն էլ է խաղաղ ապրում, բայց կիսաստրկացած վիճակում։ Մեզ այդպիսի խաղաղություն պե՞տք է։ Մեր նպատակը ո՞րն է՝ խաղաղություն-ստրկացո՞ւմը, թե՞ արժանապատիվ խաղաղությունը։ Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է խաղաղություն-ստրկացման, ոչ թե արժանապատիվ խաղաղության։ Եռաբլուրը չի առաջացել, որպեսզի Հայաստանը լինի խաղաղություն-ստրկացման կարգավիճակում, կամ Հայաստանի վարչապետի աթոռին նստած մեկը կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, մի բան էլ փոխի Սահմանադրությունը՝ ոտնձգելով Հայաստանի Անկախության հռչակագրի նկատմամբ, որը հիմքն է մեր պետականության՝ Երրորդ Հանրապետության»,- ասաց քաղաքական գործիչը:
«Այս ամենը թույլ չտալու համար մեր հասարակությունը, այսինքն՝ բոլորը պիտի հասկանան, որ պետական շահ ու հայրենիք կա, ամեն ինչ նյութական ու օրվա հացով չէ։ Փաշինյանն այսօր գնում է դպրոցներ ու մատաղ սերնդին քարոզում է, թե կյանքի գլխավոր նպատակը վայելքն է։ Ռուբեն Վարդանյանը չէր ուզո՞ւմ կյանքը վայելել։ Միլիարդատեր է, Մեծ Բրիտանիայից մինչև Մոսկվա, Վաշինգտոնից մինչև Չինաստան՝ կապեր ունի, գլոբալիստական բոլոր շրջանակները նրան ճանաչում են։ Բայց այդ մարդն իր միլիարդներն ու կարողությունը թողել, եկել էր Արցախ։ Հիմա էլ, լինելով Բաքվի բանտում, նա չի հրաժարվում իր հավատամքից։ Այդպես նաև Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը, մեր մյուս պատանդները։ Նրանք կամ Եռաբլուրի տղաները չեն մտածե՞լ կյանքի վայելքների մասին։ Օրինակ, Դուշման Վարդանը չէր մտածո՞ւմ վայելքի մասին, որ 26 տարեկանում գնաց և նահատակվեց»,- նշեց ԱԺ նախկին փոխնախագահը:
Շարմազանովի կարծիքով՝ այսօր գաղափարական և արժեքային կռիվ է Նիկոլ Փաշինյանի և հայերի միջև. «Մի կողմից՝ ազգային և հոգևոր Հայաստանն է, մյուս կողմից՝ թուրքական լիրայով Էրմենիստանը և վիլայեթացումը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարկանիշը հասել է պատմական նվազագույնի և գնալով իջնում է։ Մյուս կողմից, Փաշինյանին դեմ զանգվածը դեռևս ազգային ուժերին կողմ հանրությունը չէ։ Կա անտարբերների մի մեծ զանգված։ Ով ինչ ուզում է ասի, Հայաստանում իշխանափոխություն չի կարող լինել առանց արտաքին միջամտության կամ աջակցության։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, որովհետև նրան սատարում են արտաքին ուժերը, ինչպես դեռևս մեկ տարի առաջ նշել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ արտաքին ուժերից առաջինը Թուրքիան է՝ այս տարածաշրջանի գլխավոր տերություններից մեկը, և հավաքական Արևմուտքի գոնե գլոբալիստական կամ ուլտրալիբերալ թևը»:
«Առնվազն Եվրամիության մի շարք դերակատարներ աջակցում են Փաշինյանին։ Այդ աջակցությունը գնալով թուլանում է, բայց խնդիրն այն է՝ այդ ընթացքում Հայաստանից ի՞նչ կմնա։ Ակնհայտ է, որ երկու տարուց Մակրոնն այլևս իշխանության չի լինի, քանի որ առաջադրվելու իրավունք չունի։ Եվրոպայում կարող են գալ պահպանողական, Թրամփի կողմնակից ուժեր։ Թե ինչ կլինի Ուկրաինայում, դեռևս պարզ չէ։ Բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն աջակցությունը, որն ուներ անգամ վեց ամիս առաջ»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում։