
ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին՝ հույս հայտնելով, որ այս պատմական քայլը կամրապնդի հաղորդակցության, երկխոսության և կայունության կամուրջները և կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, և ընդհանուր առմամբ, կովկասյան տարածաշրջանի զարգացմանը։ Այս մասին հայտնել է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։
ԱՄԷ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական տիկին Լանա Նուսեյբան նշել է, որ ԱՄԷ-ն աջակցում է երկու բարեկամ երկրների կողմից ընդունված բոլոր որոշումներին՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության և խաղաղության, ինչպես նաև՝ կայուն և կառուցողական համագործակցության նոր էջ բացող կարգավորման ամրապնդման գործում։
Նուսեյբան ընդգծել է, որ ԱՄԷ-ն ամուր հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ` ակնկալելով նրանց միջև համագործակցության ընդլայնոքւմ՝ ընդհանուր շահերին հասնելու համար:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։