Մի քանի բան ասեմ. Տիգրան Ավինյանի խոսնակը՝ Քաղաքապետարանի ձերբակալությունների և «ԱՆԻՖ»-ի մասին

Երևանի քաղաքապետարանում նախկինում և վերջին շրջանում տեղի ունեցած ձերբակալությունների մասով քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ մարտի 4-ին քաղաքապետարանից հայտնեցին, որ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում ձերբակալվել է իրենց պաշտոնյաներից մեկը։ Արդեն մարտի 5-ին պարզվեց, որ այդ անձը կոմունալ տնտեսության վարճության պետ Արսեն Կարոյանն է։ Դատարանը չի բավարարել վերջինին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ սահմանել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։

«Եթե ծանոթանաք ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված գործընկերների փաստաբանների փաստարկներին, եթե իմանաք, թե նրանք ինչի համար են մեղադրվում կամ անազատության մեջ, ապա ինքներդ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ»,– նշեց Կոստանյանը։

Նա վստահեցրեց՝ այս կամ այն դրվագով հիմնավոր կասկած ունենալու դեպքում իրենք անպայման համագործակցում են ուժային կառույցների հետ։

Կոստանյանը նաև ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ 30 000 աշխատակից կա և, եթե լինում են դեպքեր, երբ մարդիկ անցնում են գծված խաղի կանոնները, ապա նմանատիպ գործընկերների հետ հետագա աշխատանքը չեն պատկերացնում։

Տեսանյութեր

Լրահոս