
Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում SOCAR-ը վերածել «ազգային ընկերության». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքուն ցանկանում է ինստիտուցիոնալ վերափոխումներ իրականցնել նավթագազային ոլորտում։
Վերջերս հայտարարվեց առաջիկա 10 տարվա ընթացքում SOCAR-ը ազգային էներգետիկ ընկերության վերածելու մտադրության մասին (տե՛ս SOCAR-ի փոխնախագահ Տ. Գուլիևի հայտարարությունը): Ի՞նչ կարող է դա նշանակել գործնականում:
1. Ամբողջական վերահսկողություն
SOCAR-ը վերահսկում է Ադրբեջանում ածխաջրածինների հետախուզումը, արտադրությունը, վերամշակումը և արտահանումը։ Սակայն այժմ խոսքը ողջ շղթայի լիակատար մենաշնորհացման, որոշումների կայացման կենտրոնացման մասին է։ Նույն Saudi Aramco-ի օրինակով: Հարց է առաջանում՝ արդյո՞ք սա չի հանգեցնի բոլոր ակտիվների կենտրոնացմանը մեկ կառույցի ներքո։ Չի՞ բերի ոլորտի խորքային ապաազատականացմանը: Տեսնենք:
2. Աշխարհաքաղաքական գործոն
SOCAR-ը պարզապես բիզնես չէ: Այն արտաքին քաղաքականության գործիք է։ Եթե նախկինում ընկերությունը հանդես էր գալիս որպես արևմտյան էներգետիկ կորպորացիաների ճկուն գործընկեր, ապա այժմ այն կարող է ամբողջությամբ պետական շահերի սապսարկման գործիք դառնալ։ Սա հատկապես կարևոր է Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների ակնկալվող աճի համատեքստում (2027 թ.)։
3. Արևմտյան կապիտալը և «Դարի գործարքը»
SOCAR-ն արդեն երեք տասնամյակ աշխատում է արևմտյան նավթագազային հսկաների հետ՝ սկսած 1994 թ. ՛՛Դարի գործարկից՛՛, որն ամրացրեց BP-ի, Total-ի և այլ էներգետիկ հսկաների դիրքերն Ադրբեջանում։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին Բաքուն փորձում է նվազեցնել իր կախվածությունը արևմտյան գործընկերներից՝ աստիճանաբար մեծացնելով SOCAR-ի մասնաբաժինը խոշոր նախագծերում։ Թերևս նոր նախատեսվող ռեֆորմը դրան ուղղված քայլերից է։
4. Ֆինանսներ և կառավարում
Ազգային ընկերությունը ոչ միայն կարգավիճակ է, այլ նաև ֆինանսավորման նոր մեխանիզմ։ Երկու հնարավոր սցենար կա՝ կամ SOCAR-ը պատրաստվում է IPO-ի, կամ, ընդհակառակը, այն կդառնա ավելի փակ կառույց՝ ներքին ֆինանսական սխեմաները պարզեցնելու համար։ Հաշվի առնելով SOCAR-ի պարտքային բեռը (2023 թ. դրությամբ՝ մոտ 12 մլրդ ԱՄՆ դոլ.), բարեփոխումները ենթադրելու են ակտիվների վերակառուցում և սանացիա, ինչպես նաև պարտավորությունների վերանայում։
5. Ռիսկեր և մարտահրավերներ
Արևմտյան կապիտալը առանցքային դեր է խաղում Ադրբեջանի էներգետիկ ոլորտում, բայց արդյո՞ք Բաքուն պատրաստ է թուլացնել դրա ազդեցությունը՝ հօգուտ ամբողջական ազգայնացման: Եթե այո, ապա չի՞ բերի դա արդյոք Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա ճնշման գործադրման, հատկապես Եվրոպայի հետ գազային նոր պայմանագրերի համատեքստում։ Հարցը հռետորական է:
Սակայն գլխավոր հարցը դեռևս մնում է անպատասխան. արդյո՞ք SOCAR-ը կդառնա էքսպանսիոնիստական ազգային նավթագազային կորպորացիա, թե՞ նոր նախաձեռնությամբ ընդամենը վերակազմավորման/ռեբրենդինգի խնդիր է լուծվում՝ Ադրբեջանի իշխանությունների ներքին նպատակներին համապատասխան:
Իսկ գուցե երկո՞ւսն էլ»: