
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն են ճգնաժամի մեջ գցել ԵԱՀԿ-ին, սկզբնական նպատակները խախտվում են. Լավրով

ԵԱՀԿ սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում են և անտեսվում, ՆԱՏՕ-ի երկրներն ու ԵՄ-ն կազմակերպությանը ճգնաժամի մեջ են գցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցությունների ժամանակ։
«ԵԱՀԿ-ի ստեղծման բոլոր սկզբնական նպատակները և այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կազմակերպությունը, և որոնք համաձայնեցվել են կոնսենսուսով, այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Սինիրլիօղլուն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը բարդ ժամանակաշրջանում է ստանձնել։
«Կազմակերպությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակին մոտեցել է շատ խոր ճգնաժամի մեջ, որի մեջ նրան գցել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները»,- նշել է ՌԴ նախարարը։
Նա հավելել է` ռուսական կողմն ակնկալում է, որ Սինիրլիօղլուն իր փորձով և իմաստությամբ հնարավոր ամեն բանի կանի, որպեսզի ԵԱՀԿ-ն վերադարձնի իր ակունքներին ու սկզբունքներին, որոնք հանդիսավորությամբ հռչակվել են բազմաթիվ գագաթնաժողովներում և հռչակագրերում, և որոնք այժմ շատ անհրաժեշտ են Եվրոպային։
ԵԱՀԿ ղեկավարը Մոսկվա է մեկնել` բանակցելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի քննարկեն կազմակերպության աշխատանքին և Ռուսաստանի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։