
Ես ունեմ շատ ստույգ կասկածներ, որ իմ տան սարքի մեջ ԱԱԾ-ն գաղտնալսող սարք է դրել, փորձաքննեք. Աշոտյան
Արմեն Աշոտյանի տնային կալանքի հերթական եռամսյա ժամկետը լրանալու հետ կապված՝ քննարկվեց նրա խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը: Նրանք միջնորդեցին վերացնել տնային կալանք խափանման միջոցը և առհասարակ որևէ խափանման միջոց չկիրառել:
Արմեն Աշոտյանը ևս միացավ իր պաշտպանների միջնորդությանը: Նա իր խոսում նշեց՝ Պրոբացիոն ծառայության աշխատակիցները 6 ամսվա ընթացքում 21 անգամ այցելել են իր բնակության վայր և որևէ խախտում չեն հայտնաբերել:
«Սահմանափակված է իմ քաղաքական գործունեությունն ամբողջությամբ: Եթե ՔԿՀ-ից կարող էի նամակ գրել, տալ գործընկերներիս, որ ուղարկեն ԵԺԿ-ին, հիմա դա էլ չեմ կարող անել: Հոդվածներս գրելս խնդրում եմ չհամարեք քաղաքական գործունեություն: Իմ քաղաքական հակառակորդները 7/24 ռեժիմով, բենզակալոնկի ռեժիմով Ֆեյսբուքում են, գրում են, խոսում են, սուպերմարկետի ռեժիմով ինչ-որ մարդկանց վրա ինչ-որ բաներ են ծախում: Ես ի՞նչ գործիքակազմ ունեմ… Ոչ մի»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ որպես ՀՀԿ փոխնախագահ՝ չի կարողանում կապ հաստատել իր վերադասի ու կուսակիցների հետ:
«Բաներ կա, որ ես չեմ կարող ասել իմ տուն այցելող գործընկերներիս ու պետք է միայն իմ ղեկավարին ասեմ: Ասենք թե ես դժգոհ եմ խորհրդարանական ֆրակցիայի պատգամավորների աշխատանքից: Պիտի ասեմ՝ Հայկ Մամիջանյան, Աննա Մկրտչյան, կգնաք Սերժ Սարգսյանին կասեք՝ ես դժգո՞հ եմ ձեր աշխատանքից»,- իրավիճակի աբսուրդը ներկայացրեց Արմեն Աշոտյանը:
Վերջինս նշեց, որ ինքը վստահ չէ՝ այն սարքը, որ տեղադրված է իր տանը, ԱԱԾ-ի կողմից չի համալրվել գաղտնալսման սարքով:
«Կազմակերպեք, թող փորձաքննեն: Ես ունեմ շատ ստույգ կասկածներ, որ այդ սարքի մեջ գաղտնալսող սարք կա, որը ձայնագրում է՝ ինչպես անձնական, այնպես էլ՝ քաղաքական կամ փաստաբանական բնույթի տեղեկություններ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: