Հայաստանը վատնեց թե՛ ժամանակ, թե՛ ռեսուրս, թե՛ անվտանգություն

«Ես կարծում եմ, որ ժամանակը տևել է, բայց ժամանակը չի վատնվել. սա բացառիկ դեպքերից է»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ կառավարության որոշման մասին հարցին:

Իսկ կառավարությունը որոշել է բյուջետային երաշխիք տրամադրել Հայաստանի մի շարք առևտրային բանկերի՝ «Լիդիան Արմենիան» ընկերությանը 150 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համար, որպեսզի սկսի Ամուլսարի հանքի շահագործումը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից առաջ էկոնոմիկայի նախարարն էր հայտարարել, թե՝ ի հեճուկս չարախոսների, Հայաստանն իրականացնում է տնտեսության «հերթական խոշոր» ծրագիրը:

Այն, որ Ամուլսարի ծրագիրը, ի վերջո, կարող է աշխատել, տնտեսական իսկապես կարևոր ու ողջունելի որոշում է: Բայց այդ ծրագիրը համարել «հերթական խոշորը», մեղմ ասած, հեռու է իրականությունից: Ավելին, վերջին տարիների համեմատ, այն, թերևս, «բացառիկ խոշոր» է, իսկ «հերթական» են ոչ թե հաջողված, այլ անհաջողության մատնված խոշոր ծրագրերը:

Կարդացեք նաև

Օրինակ, Հայաստանում անհաջողության մատնվեց «Էյր Արաբիա» հեղինակավոր արաբական ավիաընկերության հետ ազգային ավիափոխադրող ստեղծելու ներդրումային ծրագիրը, իսկ արաբական ընկերությունն այսօր փոխհատուցման վերաբերյալ պահանջներ ունի Հայաստանի կառավարությունից, որը ծրագրի մասնակից էր:

Ըստ էության անհաջողության է մատնված մեկ այլ խոշոր ներդրողի՝ Էմիրությունների «Մասդար» ընկերության հետ Հայաստանում արևային էլեկտրակայան կառուցելու խոշոր ծրագիրը, որը պետք է ավարտվեր 2025 թվականին, սակայն պարզ չէ անգամ՝ մեկնարկե՞լ է, թե՞ ոչ:

Ի դեպ, Ադրբեջանն այդ ներդրողի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել Հայաստանից ավելի ուշ, բայց դրանք կյանքի է կոչել Հայաստանից ավելի շուտ: Սա կարևոր հիշեցում է այն առումով, որ խաղաղությունը հիմնվում է ուժերի բալանսի վրա, իսկ ուժերի բալանսի անկյունաքարային հիմքը տնտեսություններն են, այդ տնտեսություններում օտարերկրյա ներդրումների ծավալը: Որովհետև պետության անվտանգության համակարգը ձևավորվում է նաև օտարերկրյա ներդրողների հետ գործընկերային արդյունավետ հարաբերություններ հաստատելով, որոնք թույլ են տալիս ձևավորել շահերի ավելի լայն համակարգ: Իսկ որքան լայն է շահերի համակարգը, այնքան բազմազան է դրանց պաշտպանության գործիքակազմը:

Ավելին, այսօր աշխարհում ծավալվող շատ հայտնի և մեծ ուշադրություն գրավող զարգացումներն ակնառու ցույց են տալիս, թե աշխարհաքաղաքական ինչպիսի նշանակություն ունի հանածոների գործոնը, հանքարդյունաբերական սեկտորը: Իսկ այդ ֆոնին, Հայաստանում, օրինակ, կարող է օրեր շարունակ կազմալուծվել թե՛ այդ ոլորտում, թե՛ տնտեսության կառուցվածքում ըստ էության խոշորագույն ընկերության՝ ԶՊՄԿ աշխատանքը, պետությանն ու տնտեսությանը պատճառելով հսկայական վնասներ:

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ամուլսարի ներդրումային ծրագիրը «բացառիկ դեպք է, որ ժամանակը չի վատնվել», պատկերն իրականում եղել է հակառակը:

2018 թվականին ծրագրի արգելափակման հետևանքով Հայաստանը կորցրել է թե՛ ժամանակ, թե՛ եկամուտներ, թե՛ տնտեսական գործընկերներ, թե՛ ներդրումային և գործընկերային հեղինակություն, թե՛ անվտանգություն: Երբ գերտերության՝ Միացյալ Նահանգների դեսպանները պարբերաբար խոսում են ծրագրի կարևորության մասին, դա լոկ տնտեսություն չէ, դա քաղաքականություն է և անվտանգություն: Անվտանգությունը փոխադարձ շահերն են, իսկ ներդրումները՝ այդ փոխադարձությունը հյուսող առանցքային թելերից մեկը:

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի անկախության երեք տասնամյակի ընթացքում իրագործվելիք խոշորագույն ներդրումային ծրագիրն էր, որը 2018-ից հետո մի քանի տարի պարապուրդի հետևանքով՝ խոշոր ներդրումային ծրագրից վերածվեց թանկ ներդրումային ծրագրի: Մի քանի տարի պարապուրդից հետո ծրագիրը վերականգնելու համար պահանջվեց լրացուցիչ 250 միլիոն դոլար, այսինքն՝ ծրագիրը թանկացավ 250 միլիոն դոլարով: Ընդ որում, չգտնվեց այդ ներդրումն անելու պատրաստ արտաքին ներդրող, և ըստ էության լուծումը գտնվեց Հայաստանի առևտրային բանկերի և այն էլ՝ պետական բյուջետային երաշխիքի շնորհիվ:

Անշուշտ, լավ է, որ՝ գոնե գտնվեց լուծում: Բայց, դե ֆակտո, պետության ֆորմալ անգործության պայմաններում տեղի ունեցավ ներդրումային ծրագրի կոլապս, որից իրավիճակը միայն տարիներ անց դուրս բերվեց դե ֆակտո հենց պետության ռեսուրսի հաշվին: Ըստ էության տեղի ունեցավ օտարերկրյա ներդրումային խոշոր ծրագրի «խոշոր» դեֆորմացիա, որը բոլորովին լավ ազդակ չէ երկրի ներդրումային իմիջի, պետության գործընկերային վստահելիության տեսանկյունից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս