
Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 մլրդ դոլարի զենք-զինամթերքի վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 միլիարդ դոլարի զենք-զինամթերքի վաճառքին։ Կոնգրեսն այս մասին տեղեկացվել է արագացված կարգով, ինչը թույլ է տվել պետդեպարտամենտին շրջանցել գործարքի քննարկումը արտաքին հարաբերություններով զբաղվող հանձնաժողովներում:
Ըստ այդմ, Իսրայելը կստանա ավելի քան 35,5 հազար միավոր 900 կիլոգրամանոց օդային ռումբ, նույն քաշի չորս հազար ռումբ՝ նախատեսված բետոն քանդելու համար, ինչպես նաև ուղղորդման համակարգերով հինգ հազար ռումբեր։ Հիմնական մատակարարումները նախատեսված են 2026–2028 թվականներին, սակայն որոշ զինատեսակներ կարող են անմիջապես փոխանցվել։
Հաստատվել է նաև Caterpillar D9 բուլդոզերների վաճառքը՝ 295 մլն դոլար արժողությամբ։ Սա անցած մեկ ամսում արդեն երկրորդ դեպքն է, երբ Իսրայելին զենքի վաճառքը հաստատվում է արտակարգ ընթացակարգով։
2023 թվականի հոկտեմբերից Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս» խմբավորման՝ Իսրայելի վրա հարձակումից հետո։ Թեև անցած ամիս ժամանակավոր հրադադար է հաստատվել, սակայն կողմերը շարունակում են միմյանց մեղադրել այն խախտելու համար՝ խորացնելով կասկածները, որ կարող են կայուն խաղաղության հասնել։