Չինաստանը ԱԲ ոլորտի առաջատար գործիչներին հրահանգել է խուսափել ԱՄՆ մեկնելուց. WSJ

Չինաստանի իշխանություններն արհեստական բանականության ոլորտում իրենց առաջատար գործիչներին հրահանգել են խուսափել ԱՄՆ մեկնելուց՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Wall Street Journal-ի տվյալներով՝ ՉԺՀ-ի իշխանություններն անհանգստացած են, որ արտերկիր մեկնող ԱԲ գծով չինացի փորձագետները կարող են գաղտնի տեղեկատվություն հրապարակել երկրի առաջընթացի մասին կամ կարող են ձերբակալվել և որպես ճնշման լծակ օգտագործվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցություններում:

Ընդ որում, ինչպես գրում է պարբերականը, ուղևորությունների ուղղակի արգելք չի եղել, ավելի շուտ հրահանգներ են տրվել Չինաստանի խոշորագույն տեխնոլոգիական կենտրոնների, այդ թվում՝ Շանհայի, Պեկինի և Չժեցզյանի իշխանությունների կողմից:

Wall Street Journal-ի աղբյուրները հայտնում են, որ արհեստական բանականության և ռազմավարական նշանակություն ունեցող այլ ոլորտների, ինչպիսիք են ռոբոտաշինությունը, տեղական առաջատար ընկերությունների ղեկավարներին խորհուրդ է տրվում առանց ծայրահեղ անհրաժեշտության չուղևորվել ԱՄՆ և նրա դաշնակից երկրներ, իսկ նրանց, ովքեր որոշել են գնալ, պետք է մեկնելուց առաջ հայտնեն իրենց ծրագրերի մասին, իսկ վերադառնալուց հետո տեղեկացնեն, թե ինչ են արել և ում հետ են հանդիպել:

 

Տեսանյութեր

Լրահոս