«Դատական գործն ընթանում է ծայրահեղ միակողմանի, որևէ ապացույց չեն բերում». Թորգոմ Ասատրյանի պաշտպան

Արարատ Միրզոյանի ծեծի գործով արդեն երկու տարի կալանքի տակ գտնվող Թորգոմ Ասատրյանի պաշտպան Արա Զաքարյանն ահազանգում է ընթացող դատական գործընթացի միակողմանի լինելու մասին, որի պարագայում, ըստ նրա, նպատակ է դրվել անպայման հասնել Թորգոմ Ասատրյանին մեղավոր ճանաչելուն։

«Այս գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում՝ դատավոր Ժորա Չիչոյանի վարույթում։

Քրեական գործը մոտենում է ավարտական փուլին, պաշտպանական կողմի խորին համոզմամբ՝ դատավարությունն ընթանում է ծայրահեղ միակողմանի։ Պաշտպանական կողմին զրկում են նոր ապացույցներ ներկայացնելու միջոցով ներկայացված մեղադրանքից պաշտպանվելուց։

Մեղադրանքը կայանում է նրանում, որ Թորգոմ Ասատրյանին մեղադրում են այն բանի համար, որ իբր 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իմ պաշտպանյալը բազմաթիվ հարվածներ է հասցրել այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ փորձելով նրան սպանել։ Պաշտպանական կողմն այս մեղադրանքը համարում է անհեթեթ, միակ «ապացույցը», որը նախաքննական մարմինը փորձում էր օգտագործել Թորգոմ Ասատրյանի դեմ, մի տեսանյութ էր, որտեղ երևում էր, թե ինչպես էին մի քանի անձինք հարվածներ հասցնում գետնին ընկած մի անձի։

Կարդացեք նաև

Թորգոմ Ասատրյանն այդ տեսանյութում չկար, Արարատ Միրզոյանը, որպես այդպիսին, որոշակի հատվածներում երևում էր։ Այս տեսանյութն ամբողջ նախաքննության ընթացքում փորձաքննության չէր ենթարկվել»,- հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ նշեց Արա Զաքարյանը։

Փաստաբանի խոսքով՝ երբ գործը գնացել է դատարան, պաշտպանական կողմը փորձել է ինքնուրույն փորձաքննության ենթարկել տեսանյութը։ Ստացված եզրակացության համաձայն՝ տեսանյութում պատկերված անձը Թորգոմ Ասատրյանը չէ։

«Դատարանում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ Արարատ Միրզոյանի թիկնապահները, որոնք Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ որևէ տեղեկություն չհայտնեցին ու չճանաչեցին։ Ի զարմանս մեզ, երբ Արարատ Միրզոյանը մտավ դատարանի դահլիճ, առաջին բանը, ինչ հայտարարեց, այն է, որ ճանաչում է Թորգոմ Ասատրյանին, նրան նաև նույնականացնում է։ Նա պնդեց, որ դեպքի ժամանակ իր մոտ տպավորվել է իմ պաշտպանյալի արտաքինը։ Հարցին, թե կոնկրետ ինչո՞վ է տպավորվել, Արարատ Միրզոյանից որևէ պատասխան չկարողացանք ստանալ։ Արարատ Միրզոյանը, ըստ էության, ցուցմունք տվեց այն մասին, որ դեպքի ժամանակ երկու դրվագով է հիշում Թորգոմ Ասատրյանին. առաջինը, որ իբր իմ պաշտպանյալը բարձրացել է մեքենայի թափքի վրա ու իրեն հարվածներ է հասցրել, այդ ժամանակ ինքը գտնվել է Թորգոմ Ասատրյանից 1 մետր հեռավորության վրա, որի ժամանակ նրանից տարբեր հարվածներ է ստացել մարմնի տարբեր մասերին։ Թե կոնկրետ ո՞ր հատվածներում է ստացել հարվածները՝ չկարողացավ նշել։ Նաև նշել է, որ երբ դրանից հետո ընկած էր գետնին, Թորգոմ Ասատրյանը հարվածներ է հասցրել դեմքին»,- շեշտեց Թորգոմ Ասատրյանը։

Նա նաև ընդգծեց, որ միջնորդել են, որպեսզի դատարան հրավիրեն քննիչին, քանի որ նրա կողմից արձանագրություն կազմված չէ այն մասին, որ իբրև Արարատ Միրզոյանը տեսանյութը տեսնելուց հետո ճանաչել է Թորգոմ Ասատրյանին։ Մինչդեռ, եթե Արարատ Միրզոյանը նման բան ասած լիներ, պետք է կազմվեր համապատասխան արձանագրություն։

«Այս միջնորդությունը մերժվեց, քանի որ, եթե քննիչը գար դատարան, ապա կասեր, որ Արարատ Միրզոյանն իրեն նման բան չի ասել։

Պաշտպանական կողմը նաև պահանջեց, որպեսզի նշանակվի փորձաքննություն՝ ստի դետեկտորի միջոցով, պարզելու՝ արդյո՞ք Արարատ Միրզոյանը ճիշտ է ասում, թե՞ ոչ»,- շեշտեց Արա Զաքարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս