«Սփուռքում գիտակցում են՝ Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է». Խորեն Մարդոյան

Հայաստանի իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձում է կյանքի կոչել Էրդողանի և Ալիևի հերթական հրահանգը՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ «Ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում» հարցի պատասխանը շատ պարզ է՝ Փաշինյանն օրակարգ է բերել «Իրական Հայաստան» անունը կրող մի կեղծ կոնցեպտ, որն էլ փորձում է իրականություն դարձնել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանը ներկայացնող Փաշինյանի կողմից համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունելու առաջարկի մասին, նման տեսակետ հայտնեց Կանադայի Տորոնտոյի հայկական համայնքի հասարակական գործիչ Խորեն Մարդոյանը։

«Նրա առաջարկած այդ «Իրական Հայաստան» ասվածը պետք է բացառենք մեր խոսույթից։ Հայաստան բառը որևէ աղերս չպետք է ունենա Փաշինյան բառի հետ. մենք պետք է հրաժարվենք նրա առաջարկած այդ անհեթեթ բառակապակցությունը շրջանառության մեջ դնելուց։

Փաշինյանին մենք պետք է մեն-միայնակ թողնենք իր այդ առաջարկի հետ։ Հիշենք, որ մենք խոսում ենք մեկի մասին, որն իր խոսույթից հանել է «հայ ժողովուրդ» բառակապակցությունը և այն փոխարինել է «Հայաստանի քաղաքացի» բառակապակցությամբ, իսկ դա նշանակում է, որ նա սեպ է խրում Հայաստանում և սփյուռքում ապրող հայերի միջև, որոնք նույն ազգն են ներկայացնում»,- ասաց Մարդոյանը՝ ընդգծելով՝ սփյուռքը հայ ժողովրդի անբաժանելի մասնիկն է։

Կարդացեք նաև

«Ես չեմ տեսել մի երկրի ղեկավար, որն իր պետության քարտեզը դնի գրպանն ու գնա աշխարհին այն ներկայացնելու, հետևապես, չունեմ ցանկություն նրա անհեթեթությունները մեկնաբանելու, կուզեմ, սակայն, անդրադառնալ նրա վաշինգտոնյան այցին և այն մարդկանց, որոնք Վաշինգտոնում հանդիպեցին Փաշինյանին. այդ հանդիպումը ներկայացվեց՝ որպես հանդիպում հայ համայնքի հետ»,- ասաց կանադահայ գործիչը՝ շեշտելով՝ իրականում Փաշինյանը հանդիպել է ոչ թե ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների, այլ դիվանագիտական կորպուսը ներկայացնողների հետ, որոնք կազմում էին նրա հետ հանդիպման գնացած մարդկանց կեսից ավելին։

«Ասում են, թե հանդիպում է եղել հայ համայնքի հետ։ Դա այդպես չէ, ես մոտիկից հետևել եմ նրա հանդիպումներին. կոնկրետ վաշինգտոնյան հանդիպմանը ներկա է եղել մոտ 50-55 մարդ, որոնց ուղիղ կեսից ավելին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ էին, 5-6 հոգի էլ եղել սփյուռքից ներկայացուցիչ։ Որևէ համայնքային լուրջ և ծանրակշիռ կառույց Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չի եղել։ Փաշինյանը չի կարող առերեսվել իրական սփյուռքի հետ, որովհետև այդ իրական սփյուռքը Փաշինյանին հարց է տալու՝ ինչո՞ւ ես ուրանում մեր Հայոց ցեղասպանությունը… Սփուռքում շատ լավ գիտակցում են՝ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է: Մեր թիկունքը, որպես սփյուռք, ամուր է եղել Հայաստանով, գործել և պայքարել ենք միասնական ճակատի վրա՝ մեր ազգային շահերից ելնելով, այսօր դա չկա»,- խոսքը եզրափակեց Կանադայի Տորոնտոյի հայկական համայնքի հասարակական գործիչը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս