Կա՛մ պետությունը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը. պետք է իրեն փոխել, ոչ թե Սահմանադրությունը. սահմանադրագետ. «Ազգ»

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի համոզմամբ՝ ճիշտ կլինի, որ որևէ մեկը չանդրադառնա Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու մասին երեկվա հայտարարությանը, քանի որ ակնհայտ է՝ այդ անձը կրկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը։

«Այսինքն՝ մեկ անգամ ևս այդ հարցին անդրադառնալ, լուրջ-լուրջ քննարկել, թե ինչո՞ւ է Փաշինյանը նման բաներ ասում, կամ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել, դա պարզապես ժամանակի անիմաստ կորուստ եմ համարում»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պողոսյանը։

Ըստ սահմանադրագետի՝ նրանք, ովքեր հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը տանում է կործանման, չպետք է այդ մարդու որևէ խոսքին անդրադառնան։

«Թող իրենք իրենց ՔՊ-ական ուսապարկերով նստեն-քննարկեն իրենց «հանճարեղ» շեֆի ասածները։ Բայց մենք, լուրջ մարդիկ լինելով հանդերձ, չնստենք և մի հիմարի ասածները նորից քննարկենք։ Ակնհայտ է չէ՞, որ նրա ասածներն ընդամենն այն բանի համար են, որ կատարի Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը, ուրիշ ոչինչ։

Թե չէ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»։ Այդ դեպքում մենք ընդհանրապես երկիր էլ չենք, Սահմանադրություն էլ չունենք։

Ես նրա ելույթը չեմ լսել, պարզապես իր ասածները կարդացել եմ, և նրա ասածներից հետևում է, որ Հայաստանը հիմա պետություն էլ չէ, մենք պետականակերտ ազգ էլ չենք, այլ ընդամենն ինչ-որ հանրույթ, որը միայն նոր Սահմանադրության ընդունումից հետո պետություն կունենա»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարդան Պողոսյանի խոսքով՝ նման հայտարարություններ կարող է անել միայն թուրքը կամ ադրբեջանցին։

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ եթե այս իշխանություններին հաջողվի նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնել, ես դրան բովանդակային կանդրադառնամ։ Իսկ մինչև հիմա Փաշինյանն ընդամենը կրկնում է այն պահանջները, որոնք իրեն Ալիևն ու Էրդողանն են թելադրում։

Կրկնում եմ, Փաշինյանը երեկվա իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում, որ մենք պետություն ենք, պետականություն ունեցող ազգ ենք ընդհանրապես։ Հիմա նման ղեկավարի ասածները լուրջ մեկնաբանե՞լ. իհարկե ոչ։ Պարզապես պետք է այդ մարդուն հեռացնել. ոչ թե Սահմանադրությունը պետք է փոխել, այլ իրեն պետք է փոխել։ Ցավոք սրտի, դա մեզ այսքան տարիներ չի հաջողվել, բայց դա, միևնույն է, պետք է անել, որովհետև կա՛մ պետությունն է, կա՛մ՝ Նիկոլ Փաշինյանը. այլընտրանք չկա»,- ամփոփեց սահմանադրագետը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում հայտարարել էր, էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը:

«Իրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանն է 29,743 քմ տարածքով։ Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել էր Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս