
Սա նիկոլյան Հայաստանին նրա անձնական վերաբերմունքն է, որը չի կարելի փաթաթել հանրության պարանոցին. Գոհար Մելոյան

Երեկ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով «Գաղափարախոսական ուղերձով» դիմեց ժողովրդին։ Ասելիքը մեծ մասամբ վերաբերում էր Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությանը, որը կհամապատասխանի իր հռչակած «իրական Հայաստանին»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստանը» պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա յուրաքանչյուր քաղաքացու համար, սակայն փաստն այն է, որ դրա գաղափարախոսությունը ձևակերպված և ամփոփված չէ մի փաստաթղթի մեջ, որտեղ հնարավոր լինի ծանոթանալ դրան և որդեգրել այն. Այս ուղերձի նպատակն է՝ ներկայացնել «իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագիծը, որը մենք մշակել ենք»: 14 դրույթներ նա ներկայացրեց՝ կրկնելով այն, ինչ նախկինում ասել էր։
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի բնորոշմամբ՝ այս ամենի տակ անվտանգային մեծ խնդիրներ կան։
«Ինքս առիթ ունեցել եմ բազմաթիվ հարցազրույցներով կիսվել այն մտահոգությամբ, որ սա ադրբեջանական կողմի պահանջն է, քանի որ այս իշխանությունները, ի դեմ Նիկոլ Փաշինյանի, առաջին անգամ չէ, որ խոսում են Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Սակայն Նիկոլ Փաշինյանի փետրվարյան այս ելույթում մենք տեսանք ոչ թե Սահմանադրության փոփոխության, այլ նոր Սահմանադրություն ունենալու խոսույթ։
Այստեղ ուզում եմ հանրության համար բացատրել տարբերությունը. Իշխանությունը կարող է ասել, թե իրենք միշտ են խոսել Սահմանադրության փոփոխության մասին, բայց նոր Սահմանադրություն ընդունելն ու Սահմանադրական փոփոխությունների գործնական ու տեխնիկական տարբերությունն այն է, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում կարող են Սահմանադրության ողջ տեքստը նոր խմբագրությամբ շարադրել։ Սակայն իրենք կաշկանդված են Սահմանադրության անփոփոխելի դրույթներում փոփոխություններ կատարել, իսկ դրանք շատ չեն։ Օրինակ, Սահմանադրության նախաբանը, որը մեզ տալիս են մեր պետության բնութագրիչ հատկանիշները, ինչպես նաև Սահմանադրության 1-3 հոդվածները։ Հիմա եթե խոսում են Նոր Սահմանադրության մասին, ապա ակնհայտ է, որ նպատակ ունեն փոփոխություններ կատարելու այդ անփոփոխելի հոդվածներում»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Գոհար Մելոյանը։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի այս ելույթին նախորդել էր Ալիևի ելույթն առ այն, որ պահանջում էր ՀՀ սահմանադրության փոփոխություն։ Դրան նաև հաջորդել են ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հարցազրույցները, հայտարարությունները, որ պետք է Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։
Իսկ այս հայտարություններին նախորդել էր Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին հրապարակված, ինչն ուղղակիորեն մեկնաբանություն էր տալիս Անկախության Հռչակագրին։ Այդ որոշմամբ, ըստ էության, ՍԴ-ն փորձել է ուժը կորցրած ճանաչել Անկախության Հռչակագրի երկու հենասյունային հոդվածներ. Մեկը՝ Արցախի Հանրապետության վերաբերյալ, մյուսն աննուղակիորեն վերաբերում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։
«Ամենայն հավանականությամբ, սրա նպատակն այն է, որ ադրբեջանական կողմին ապացույց մատուցեին, որ այլևս Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն չկա։ Ըստ էության այս երկու դրույթներն են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համար խոչընդոտ են համարվում։ Ցավով եմ նշում, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ավելի ակնածանքով է վերաբերվում մեր իրավական կարգավորումներին, քան մեր իշխանությունը։
Իշխանությունը խուսանավում է հանրաքվեից, չմոռանանք, որ ոչ վաղ անցյալում՝ 2020 թվականին, մեկնարկ տրվեց սահմանադրական փոփոխությունների, ինքս «Ոչ» քարոզչության ներկայացուցիչ էի, սակայն իշխանությունը, կանխատեսելով հանրային տրամադրությունները, արդյունքում տապալեց հանրաքվեն, որը սկսել էին քովիդյան շրջանում»,- հավելեց Գոհար Մելոյանը։
Շարունակելով միտքը, մեր զրուցակիցն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա ազդադարումը՝ նոր Սահմանադրություն ունենալու վերաբերյալ, իրավական անվտանգության հարց է, քանի որ նա պարբերաբար իր սոփեստությունն է ներկայացնում հերթական բնագավառի մասին։ Մեկ հանդես է գալիս՝ պատմաբանի, մեկ՝ իրավաբանի դերում, ամեն անգամ ապացուցելով իր կառավարման հմտությունների բացակայության ու ձախողումների մասին։
«Կառավարիչը պետք է ունենա մենեջմենթային հմտություններ, սակայն այս անձը չունի նույնիսկ բարձրագույն կրթության վկայական։ Նա հավանաբար իրավական ինչ-որ գիրք է կարդացել ու փորձում է իրեն թույլ տալ անելու իրավական վերլուծություններ։ Մեր ոլորտն ունի բազմաթիվ գիտնականներ ու նրանք տասնյակ տարիների փորձից հետո են իրենց թույլ տալիս կատարելու նման վերլուծություններ։ Տվյալ պարագայում, սրանք Նիկոլ Փաշինյանի սոփեստություններն են, Հայաստանի ու տվյալ պարագայում իրականության հետ առհասարակ կապ չունի։ Սա նիկոլյան Հայաստանին նրա անձնական ու սուբյեկտիվ վերաբերմունքն է, որը չի կարելի փաթաթել հանրության պարանոցին։
Այս ամենը շատ մտահոգիչ է, քանի որ երկրի ղեկավարի մակարդակով նման հարց դաշտ նետելն ազգային անվտանգության սպառնալիք է, որովհետև մեր հանրությունն էլ է շատ լավ պատկերացնում այս ամենը։ Թեպետ նա աշխատում է հանրությանը մոլորեցնելու համար մի քիչ թեթևացնել ու այլ կերպ ներկայացնել իր պատկերացումները Սահմանադրության վերաբերյալ»,- շեշտեց Գ. Մելոյանը։
Նա նաև ընդգծեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը համարում էր ոչ լեգիտիմ, մինչդեռ այդ նույն Սահմանադրությամբ արդեն 7 տարի է՝ իշխանության են, նշանակվում ու ընտրվում են, հրամանագրեր են արձակում։ Հետևաբար, եթե այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ, նշանակում է՝ իրենց իշխանությունը ևս լեգիտիմ չէ։
«Լեգիտիմության հարց բարձրացնելով՝ Նիկոլ Փաշինյանն անգամ չի տարբերում՝ որն է Սահմանադրության փոփոխությունը և որն է Սահմանադրությունը։ Մեր երկրի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի, հուլիսի 5-ին, այնուհետև 3 անգամ փոփոխվել է, 3-ն, իմ գնահատմամբ, հակասահմանադրական բնույթ ուներ, խոսքը վերաբերում է 2020 թվականի փոփոխություններին։ Իսկ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունն իրավական պատմության մեջ այն ցցուն օրինակն է, թե ինչպես պետք է լինի բարձրագույն իրավական ակտը, որը կվայելի համաժողովրդական աջակցություն»,- ասաց նա։
Գոհար Մելոյանը չգիտի՝ արդյո՞ք իշխանությունը փորձում է այսօրինակ հայտարարություններով շոշափել հասարակության տրամադրությունները, հետևաբար՝ ամեն կերպ պետք է հանրությանը հասցնել, թե այս ամենն իր խորքում ինչ վտանգներ ունի։
«Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ Արցախը տանք, որ պատերազմ չլինի, այսօր մարդիկ հասկացել են, որ այս թեզերը սին են, և ամեն անգամ զիջումների գնալուց հետո Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում։ Հետևաբար, սա Նիկոլ Փաշինյանի նոր օրակարգն է, որը չի բխում հայ ժողովրդի շահերից, և դրա հիմքում ընկած է թուրք-ադրբեջանական պահանջատիրությունը»,- ընդգծեց Գոհար Մելոյանը։