
ՀՀ-ի հետ առևտրային կապերը գնալով ամրապնդվում են, մենք բոլոր դեպքերում նշում ենք, որ տարածաշրջանում խաղաղության, հարաբերությունների սերտացման և գործընկերության կողմնակից ենք․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։
Շիրակի մարզպետը ողջունել է դեսպանին, կարևորել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամությունն ու նշել, որ չնայած սահմանների առումով առավել փոքր հատվածում են Հայաստանն ու Իրանը սահմանակից, սակայն բարեկամության, միմյանց աջակցելու, տարածքային ամբողջականություն ընդունելու, խաղաղություն գնահատելու հարցում ավելի մեծ դաշնակիցներ ու աջակիցներ են։
Այնուհետև մարզպետը խոսել և ներկայացրել է հայրենի մարզն ու պատմել մարզկենտրոն Գյումրու մասին․ «Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Մեր երկու երկրների բարեկամության, դրանց զարգացման նոր նախադրյալների և գործուն ծրագրերի մասին բավական տեղեկացված եմ դեռ նախորդ աշխատանքիս բերումով` ԱԺ պատգամավոր եղած ժամանակից։ Անչափ գնահատելի է, երբ բարեկամ Իրանը կարևորում է մեր տարածաշրջանի խաղաղությունը, այս առումով հստակ օրակարգ ունի։ Առանձնակի կուզենամ կարևորել Իրանում հայ համայնքի դերն ու հայերի նկատմամբ վերաբերմունքը, որի շնորհիվ մեր հայրենակիցները դարեր շարունակ ապրել, ապրում և արարում են բարեկամ Իրանում։ Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, ապա պետք է նշեմ, որ մեր մարզն ունի մեծ ներուժ, իսկ ես ու մարզպետի աշխատակազմը պատրաստ ենք անել հնարավորն այդ ներուժն առավելագույնս բացահայտելու, ներկայացնելու և ի շահ մարզի օգտագործելու։ Շիրակի մարզի առավելությունները թե լոգիստիկ հնարավորություններն են, թե բիզնեսի համար նպաստավոր պայմանները։ Իհարկե առավելություններն ու հնարավորությունները շատ են, որոնց մասին ֆորմալ խոսակցություն չէ որ կուզենամ ունենանք, այլև հստակ ծրագրեր ու համագործակցության եզրեր գտնենք»,- նշել է Շիրակի մարզպետը` վստահեցնելով, որ ցանկացած օրակարգ քննարկելու պատրաստակամություն ունի` լիազորությունների շրջանակում։
Դեսպան Սոբհանին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և անդրադարձել հայ-իրանական հարաբերություններին և դրանց վերջին տարիների սերտացմանը. «Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ տեսնելու, տպավորված եմ, երբ հասկանում եմ, որ հոգացավորեն եք խոսում մարզի թե ներուժի, թե հնարավորությունների մասին։ Շատ գնահատելի է, երբ ձեր մեջ նաև դիվանագետ եմ տեսնում։ Այն տեմպերն, ինչ կան մեր երկու երկրների բարեկամության սերտացման առումով, ինձ վստահություն են ներշնչում, որ ապակենտրոնացված համագործակցությունը ևս ստացվելու է, հատկապես այստեղ կարծում եմ Շիրակի մարզի հետ նոր նախաձեռնություններով հանդես գալու հնարավորություն կունենանք, կարելի է քննարկել մի քանի գործնական քայլ ու մեր ներկայացվածության հեռանկարները մարզում։ Հայաստանի հետ առևտրային կապերը գնալով ամրապնդվում են, մենք բոլոր դեպքերում նշում ենք, որ տարածաշրջանում խաղաղության, հարաբերությունների սերտացման և գործընկերության կողմնակից ենք»,-ընդգծել է դեսպան Սոբհանին։
Դավիթ Առուշանյանն ու Մեհդի Սոբհանին անդրադարձել են Գյումրի և Յազդ քույր քաղաքների համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը դեսպանին գիրք նվիրելու օրվա առթիվ «Լավագույն մաղթանքներով և համագործակցության պատրաստակամությամբ` նվիրում եմ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին», մակագրությամբ «Սայաթ Նովա» գիրքն է նվիրել։