
Խաղաղության խաչմերուկ չի. տուպիկ է. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո ասուլիս է հրավիրել: Իր ներածական խոսքից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Լրագրողների խնդրանքով ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկին» և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հնարավորությանը:
Քոչարյանի խոսքով, տեսականորեն, իհարկե, հնարավոր է հասնել խաղաղության, բայց այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, դա խաղաղություն չէ:
«Ամենամեծ սխալներից մեկն այն է, որ դու Ադրբեջանի հետ բանակցում ես առանց միջնորդների, և, ըստ էության, այդ փաստաթղթերին երաշխավորող որևէ պետություն կամ պետությունների միավորում չի լինելու: Ընդհանրապես, որևէ թուղթ չի զսպել որևէ պատերազմ: Պատերազմն իրականում զսպելու համար պետք են բանակցություններ, ստորագրված փաստաթղթեր և պետք են երաշխավորներ, հատկապես, երբ մենք այսօր հավասար պայմաններում չենք: Ամենալավ երաշխավորն այն է, երբ դու ունես այնպիսի բանակ ու հնարավորություններ, որոնք արդեն իսկ մի զգալի մասով երաշխավորում են խաղաղությունը: Շատ դեպքերում պատերազմներն ինչո՞ւ չեն սկսում, որովհետև նաև պատերազմը սկսողի համար հետևանքները կարող են լինել ծանր: Ես կայուն խաղաղության համար որևէ գործոններ չեմ տեսնում այս պրոցեսում:
Ի սկզբանե այս ֆորմատով պետք չէր բանակցել ու բանակցային գործընթացը պետք չէր հասցնել այս կետին: Այո, իրենց մի թուղթ է պետք լինելու՝ թմբկահարելու, թե՝ խաղաղություն եմ բերել, և կապ չունի՝ ինչ բովանդակություն է ունենալու այդ թուղթը, կարևորը՝ խաղաղություն բառը կա:
Ժողովուրդն այն չի էլ կարդալու, քանի որ վերնագրերով ենք ապրում, տեղեկատվական դաշտն է այդպիսին: Վերնագիրը կարող է որևէ կապ չունենալ հոդվածի հետ, բայց այդ վերնագիրը որոշի ամբողջ ընկալումն այդ հոդվածի: Նիկոլ Փաշինյանը սա փայլուն հասկանում է, դա իր մասնագիտությունն է, իր մասնագիտությունը դիվանագիտությունը չէ, խաղաղությունը չէ, պատերազմը չէ, որովհետև և՛ պատերազմում է ձախողվել, և՛ խաղաղությունում»,- մանրամասնեց նա:
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտին՝ Քոչարյանն ասաց.
«Դա խաչմերուկ էլ չէ, այն, ինչ որ նկարել է, դա տուպիկ է, ամեն խաչմերուկում, այո, տուպիկ էլ է լինում, ինքը նկարել է տուպիկը, բայց հանրությանը վաճառում է՝ որպես խաչմերուկ: Վերնագիրը լավն է: Երբ դու այդ ժեշտից կտրած պատկերը ցույց ես տալիս ժողովրդին, դա մի հարց է, բայց երբ պաշտոնական հանդիպումների ժամանակ ցույց ես տալիս մարդկանց, որոնք բան են հասկանում, նրանց մոտ հարց է առաջանում՝ սա մեզ հիմարի տե՞ղ է դնում, էս ի՞նչ է էս ժեշտի կտորը կամ նկարը, որ տանում-բերում է, ընկալումը սա է: Եթե սա քարոզչություն է, կարող եմ հասկանալ, բայց եթե դու լուրջ երկրների հետ բանակցություններում ինչ-որ նկար ես բերում՝ ստրելկաներով, թե սա խաչմերուկն է, հես ա մենք գնում ենք, չգիտեմ ուր ենք հասնում, դա անլուրջ է և այդ մարդկանց նկատմամբ՝ անհարգալից մոտեցում»:
Մանրամասները՝ տեսանյութում