
Մեղրիի թեման տաքացրել են հիմա, որովհետև կա միջանցքի հարց. իշխանությունն ուզում է անել այդ զիջումը. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո ասուլիս է հրավիրել: Իր ներածական խոսքից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
«Ազատություն» ռադիոկայանի հարցը վերաբերում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին բավականին ակտիվ քննարկումներ է ունեցել Հեյդար Ալիևի հետ տարածքների փոխանակման միջոցով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար, մասնավորապես, ըստ լրատվամիջոցի, Մեղրին տալու և Արցախը ստանալու հետ կապված:
«Արդյո՞ք իրականում երբևէ Մեղրին տալու և դրա դիմաց Արցախը պահելու թեմա քննարկել եք», և «արդյո՞ք դա դիվանագիտական հնարք է եղել», ինչպես վերջերս ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն էր ասել՝ հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահը նախ հարցով պատասխանեց՝ փորձելով պարզել, թե լրագրողն իր գրքի համապատասխան հատվածը կարդացե՞լ է, որևէ հակասություն տեսե՞լ է իր գրածի և վերջին հրապարակումների միջև, այնուհետև շարունակեց.
«Ամբողջ բանակցային գործընթացը մինչև 1999 թվականը հետևյալ բովանդակությունն ուներ. համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականությունից: Ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքն «ամուսնացնել» տարածքային ամբողջականության հետ, բոլոր առաջարկները: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ էր այդպիսի առաջարկ եղել: Ընդհանուր պետության առաջարկն ինչ էր. ինքնորոշված ԼՂ-ն և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում՝ ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց միշտ փորձը եղել է՝ «ամուսնացնել» այս 2 սկզբունքը:
Եվ հիմա հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասել է,՝ եկեք իրարից պոկվենք, անջատվենք, և այդ առաջարկի մեջ ես տեսել եմ առաջին հերթին այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը համանախագահողների կողմից: Մտածում էի, որ եթե այդ հարցը հենց Ալիևը բարձրացնի համանախագահների առջև, ուրեմն մենք այս կաղապարված իրավիճակից դուրս ենք գալիս:
Այո, բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա մեզ, ես ասում էի՝ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր մեզ համար: Բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այդ քննարկումները հնարավորություն է ունենալու բերել մեզ համար ընդունելի տարբերակին: Ինչի էի համոզված, որովհետև այդ ընթացքում Ալիևը ստանում էր 6 շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ: Սա էր ամբողջ մեր տրամաբանությունը, Վարդան Օսկանյանը հենց դրա մասին է ասում»։
Քոչարյանը նաև հավելեց, որ ԱՄՆ-ի կողմից որևէ առաջարկ չի եղել, և, որ ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր՝ առաջարկները տալիս էին Մինսկի խմբի անունից:
«Ալիևն ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին, և Թելբոթի պատվիրակությունը եկել է Հայաստան՝ հասկանալու համար, թե իսկապես դա այդպե՞ս է, թե՞ չէ, և Ալիևի ընկալումներն այդ բանակցություններից և մեր ընկալումները նո՞ւյնն են, թե՞ չէ: Մեր սեղանին առաջարկ չի եղել, որ ասենք՝ ընդունո՞ւմ ենք, թե՞ չէ: Այդ ամբողջ գործընթացում 2 տարի տևած միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ առաջարկ գրավոր չի եղել: Ինձ համար շատ կարևոր էր, որ Ալիևն ինքը պատմեր իր այդ մոտեցման մասին, որ թեման ինքը բացի: Ես ո՛չ այո էի ասում, ո՛չ էլ ոչ էի ասում, շատ զգուշավոր էի, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների»,- շարունակեց Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ ընդհանրապես այդ թեման չի շոշափել:
«Ես այդ փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան դերակատարություն ուներ այս հարցում, Թուրքիան ընդհանրապես չի երևացել: Երկու անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես այդ թեման չի քննարկվել: Կամ՝ ասում են՝ Մոսկվայի հետ համաձայնեցված էր: Այո, մինչև Թելբոթի պատվիրակության Երևան գալը եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է այլ հարցեր քննարկեի, հանդիպումը տևել է 5 րոպե՝ 1-1.5 ժամի փոխարեն, Ելցինը վատառողջ էր, և նա ինքն ինձ այս հարցի վերաբերյալ ասաց, որ Ալիևի հետ խոսակցություն է ունեցել, որ Ալիևը շատ գոհ է բանակցություններից: Ես հարցրեցի՝ դուք մանրամասներին տեղյա՞կ եք թե՞ չէ, նա ասաց՝ в общих чертах»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի տեղյակ լինել-չլինելուն, ՀՀ երկրորդ նախագահը պնդեց, որ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի:
Մանրամասները՝ տեսանյութում