
Արևմուտքի գրպանը թռնել պետք չէր. չեմ կարծում՝ Ռուսաստանն ամեն ինչ է պատրաստ ներել. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո ասուլիս է հրավիրել: Իր ներածական խոսքից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Մասնավորապես, antifake.am-ը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը զրկվում է իր արտաքին հովանավորներից մեկից՝ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո, և այսօր արտաքին դաշտում նրա հենարանը Ադրբեջանն ու Թուրքիան են, իսկ երկրի ներսում՝ ուժայինները, ըստ այդմ՝ լրատվամիջոցը հետաքրքրվեց Ռոբերտ Քոչարյանից՝ ներկա իրողությունների պայմաններում Ռուսաստանն ինչպիսի վարվելակերպ կդրսևորի Փաշինյանի իշխանության հանդեպ՝ կաջակցի՞, թե՞ ոչ:
«Ինչ ասեմ, լինելու է ենթադրությունների վրա կառուցված: Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ, այդպես միջազգային հարաբերություններում չի լինում: Բայց մի բան շեշտակի փոխվում է, վերջին մի քանի տարվա ընթացքում կոմպլեմենտարության կորիդորը շատ նեղացել է: Հիմա, ըստ էության, այդ կոմպլեմենտարության կորիդորը մի քիչ ընդլայնվելու է:
Իմ տպավորությամբ, մենք չպետք է սև-սպիտակով նայենք այս պրոցեսներին: Եթե Թրամփը հայտարարում է, որ ՌԴ-ին սխալ էր Մեծ ութնյակից (G8) հեռացնելը, որ նա պետք է հետ գա միջազգային հարաբերությունների այդ մակարդակին, սա նշանակում է, որ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի դեպքում՝ արտաքին քաղաքականությունը վարելու համար:
Դու պարտադիր չի՝ թռնես Արևմուտքի «գրպանը» կամ որևէ այլ մեկի, դու կարող ես որպես պարտնյոր՝ ճիշտ քաղաքականություն վարելով Ռուսաստանի հետ, չթշնամանալ Արևմուտքի հետ, այդ պատուհանը բացվում է: Բայց Հայաստանն արդեն, ըստ էության, այդ մակարդակով ինչ-որ տեղ ինքն իրեն թշնամացրել է Ռուսաստանի հետ, և ամեն ինչ արել է, որ այդ վատ վերաբերմունքը տարածվի նաև ՌԴ-ի վրա՝ որպես երկիր: Ռուսաստանի ընկալումը Հայաստանում այսօր լավը չի, որովհետև մենք գործում էինք սխալներ և փորձում էինք դրանք գցել Ռուսաստանի վրա: Սա անհետք չի անցնելու: Ամենալավ տարբերակն այն է, որ հետագա տարբեր ֆորմատների մեջ Հայաստանը ներկայացված չլինի այս մարդկանցով, որոնք փչացրել են ամեն ինչ: Եթե այդպես լինի, ուրեմն նոր աշխարհակարգում Հայաստանը հնարավորություն կունենա ճիշտ դրսևորել ինքն իրեն»,- պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահը: