Բաժիններ՝

Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը. «Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը… Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես»

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա ֆեյսբուքյան էջում քիչ առաջ այդ մասին գրել էին հարազատները` նրա խնդրանքով հրապարակելով նրա հրաժեեշտի խոսքը:

«Այսօր առավոտյան մահացել է Ավետիք Իշխանյանը։ Նրա խնդրանքով տեղադրվում է այս գրառումը։

ԼՐԱՑՈՒՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիքը հրաժարվել էր արհեստական սնուցումից։

Կարդացեք նաև

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ

2020թ․ դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ Դրանից հետո, այնուամենայնիվ որոշակի հույսեր էի փայփայում, որ դավաճանին հեռացնելուց հետո, թերևս հնարավոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։ Սակայն, ավաղ, ոչ միայն չկարողացանք պարտության պատասխանատու և խորհրդանիշ ճիվաղին հեռացնել, այլև նա առավել ամրապնդեց իշխանությունը, շարունակելով հայրենիքի վաճառքը։

Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ինքս ինձնից։ Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։ Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։

Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։

Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։

Հիշենք Վահան Տերյանին․

Հրաժեշտի գազել

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:
Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:
Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով»:

«168 Ժամը» այս մեծ կորստի համար ցավակցում է մեծ հայրենասերի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և բոլոր-բոլոր համախոհներին: Հանգչիր խաղաղությամբ, Ավետիք Իշխանյան:

Տեսանյութեր

Լրահոս