![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը Reuters-ից, POLITICO-ից և NYT-ից պահանջել է վերադարձնել Վաշինգտոնի կողմից վճարված միջոցները
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/Trump.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Reuters գործակալությունը, POLITICO պարբերականը և The New York Times-ը վերադարձնեն ԱՄՆ կառավարության կողմից իրենց վճարված դրամական միջոցները։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։
«Ըստ երևույթին, Պաշտպանության նախարարության կողմից արմատական ձախ Reuters-ին վճարվել է 9 միլիոն դոլար՝ ուսումնասիրելու «լայնածավալ սոցիալական խաբեությունը»։ Վերադարձրեք այդ գումարը հենց հիմա», – գրել է Թրամփը։
Այնուհետև ԱՄՆ նախագահը ևս մեկ գրառում է կատարել՝ այս անգամ անդրադառնալով POLITICO-ին և The New York Times-ին՝ դարձյալ պահանջելով, որ վճարված գումարը վերադարձվի հարկատուներին։
Ավելի վաղ ամերիկացի գործարար, ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Reuters լրատվական գործակալությանը վճարել է «միլիոնավոր դոլար՝ մոլորության մեջ գցելու համար»։ Գործարարը գործակալության գործունեությունն անվանել է «լիակատար խարդախություն»։
Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո DOGE-ն սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային ստուգումը։ Ընդհանուր առմամբ, Մասկն ակնկալում է ԱՄՆ կառավարության ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով: