Քաջարան համայնքի ավագանին ու համայնքի ղեկավարը կոչով են հանդես եկել

Քաջարան համայնքի ավագանին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի գլխավորությամբ 2025 թվականի հունվարի 31–ից՝ գործադուլի առաջին օրվանից, մինչև այսօր ամենատարբեր հանդիպումների, քննարկումների և կատարված վերլուծությունների արդյունքում հանդես է եկել կոչով, որում ասվում է․

«Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, «ԶՊՄԿ» ՓԲԸ հարգարժան աշխատակիցներ, սթափվե՛ք և անդառնալի կորուստներից ու զրկանքներից խուսափելու համար վերադարձեք աշխատանքի և միշտ հիշեք, որ մենք ենք ստեղծելու մեր և մեր երեխաների ճակատագրերը։

Քաջարան համայնքի ավագանին՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կոչ է անում վերադառնալ բնականոն աշխատանքի և վերագործարկել կոմբինատի աշխատանքային պրոցեսը։ Այսպես շարունակվելու դեպքում այս անգործությունը ժամ առ ժամ մեզ ահավոր ծանր և անդառնալի հարվածներ կհասցնի, և այդ հարվածների սոցիալ–տնտեսական ծանր հետևանքները մենք բոլորս միասին կզգանք մեր ընտանիքներում և կենցաղում , համայնքում, մարզում և երկրում։ Բայց այդ հարվածների անմիջական կրողը լինելու ենք մենք՝ քաջարանցիներս, որովհետև մենք այստեղ զբաղմունքի ուրիշ տեսակ չունենք, որով կկարողանանք գոյատևել և ապրել։ Քաջարան քաղաքը ստեղծվել է կոմբինատի հիմքի վրա և այսօր անգործության մատնել կոմբինատը, նշանակում է քանդ ու քարափ անել Քաջարան քաղաքը, վերացնել մեր քաղաքի 66–ամյա պատմությունը։

Նույնիսկ 1990–ական թվականներին, հետպատերազմյա ծանր շրջանում քաջարանցին թույլ չտվեց, որ թեկուզ մեկ օր անգամ դադարի կոմբինատի աշխատանքը, այլ օր ու գիշեր նվիրվեց կոմբինատի զարգացմանը նույնիսկ աղքատիկ աշխատավարձով։ Եվ քանի որ կոմբինատը մեր քաղաքի ծնողն է, այդ ո՞ր մի զավակը նման կերպ կվերաբերվեր իր ծնողին և մենք բոլորս պետք է վճռական կամք դրսևորենք ու գործարկենք կոմբինատը՝ նոր կյանք տալով մեր քաղաքին ու քաջարանցուն։ Մենք միասին և միասնաբար, հանուն մեր քաղաքի, մեր բնօրրանի և մեր զավակների պետք է վերականգնենք աշխատանքները և մեր ավագ սերնդի թողած ժառանգությունը չզրոյացնենք վերջնականապես։ Տասնյակ տարիներ հետո մեր սերունդները մեզ դատելու են ոչ թե նրա համար, թե ինչու կանգնեց կոմբինատի աշխատանքը, այլ նրա համար, թե ինչու խնդիրը չլուծեցինք առանց կոմբինատի աշխատանքը կասեցնելու։

Մենք տարիներ շարունակ հպարտացել ենք մեր աշխատասիրությամբ, որպես աշխատանքի և փառքի քաղաքի բնակիչներ, բայց այսօր այդ փառքը մոռացության ենք մատնել և մոռացության մատնած մեզ տանում ենք դեպի ինքնաոչնչացման։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը տեղին է ասել, որ ավելի լավ է մի մոմ վառել, քան անընդհատ բողոքել խավարից և կոմբինատի վերագործարկումը մեր բոլորիս այդ մեկ մոմն է։

Քաջարան համայնքի ավագանին միաժամանակ ըմբռնումով է մոտենում ձեր կողմից բարձրաձայնված հարցերին՝ աշխատավարձերի չափի, աշխատանքային պայմանների բարելավման, առողջապահական ապահովագրության և այլ խնդիրներին, որոնք շատ կարճ ժամանակահատվածում դրական լուծում կստանան, ինչպես իր խոսքում նշեց ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, և այդ խնդիրների հրատապ ու նշված ժամանակացույցով լուծմանը մենք նույնպես հետևողական ենք լինելու, որի համար երաշխավորում ենք, բայց այսպես շարունակվելու դեպքում վաղը մեր նախակրթարանների, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատանքները կխաթարվեն, որը հղի է լինելու անդառնալի և սոցիալական ծանր հետևանքներով։

Արժանապատիվ քաջարանցիներ, մենք այստեղից ուրիշ տեղ չունենք գնալու, քանի որ աշխատավոր մարդու ճանապարհը տանում է միայն դեպի Քաջարան, և այդ աշխատանքի ճանապարհը մենք փակելու իրավունք չունենք, որովհետև պարտք ունենք տալու մեր սերունդներին։ Բայց պանդխտության ճանապարհն էլ բռնելու իրավունք չունենք, որովհետև մեզ է վստահվված մեր բնօրրանի շենացումն ու արարումը։ Եվ հիշեք՝ հաց տվող ձեռքը կտրելը մեր բոլորիս համար կդառնա խարան և հենց այդտեղ էլ մեր պատմությունը կավարտվի։

Հարգանքով՝ Քաջարան համայնքի ավագանի»։

Տեսանյութեր

Լրահոս