![](/banners/BeFunky-design.jpg)
Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու սահմանազատման վերաբերյալ զարգացումները
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/53360-770x_.jpg)
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ 2024 թվականը խիստ դինամիկ է եղել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով։ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների և գերատեսչությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, պահպանվում են կանոնավոր շփումներ, և այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շարունակական առաջմղման վերաբերյալ։