Իրանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել են Թրամփի ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել խիստ դիրքորոշում ցուցաբերելու Գազայի հատվածի և նրա բնակիչների համար ԱՄՆ-ի «վտանգավոր» ծրագրի դեմ:

Իրանի նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանում, մասնավորապես Գազայի հատվածում զարգացումները: Դրա մասին հայտնել է Tasnim-ը։

Իրանի արտգործնախարարը դատապարտել է Գազայի բնակիչներին բռնի տեղահանելու և այլ երկրներում վերաբնակեցնելու ամերիկա-սիոնիստական ​​ծրագիրը:

Արաղչին ընդգծել է, թե անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ը, հատկապես Անվտանգության խորհուրդը, խիստ և հստակ դիրքորոշում որդեգրի նման վտանգավոր դավադրության դեմ, որը սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը:

Նա շեշտել է, որ պաղեստինցիներին բռնի տեղահանելու առաջարկը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ հավելելով, որ այն լրացնում է սիոնիստական ​​ռեժիմի՝ ցեղասպանության և Պաղեստինի ոչնչացման ծրագրերը։

Արաղչին հայտարարել է, որ մահմեդական երկրների՝ Գազայի տեղափոխման ծրագրի հավաքական դատապարտումն արտացոլում է տարածաշրջանում տարածված մտահոգությունը Պաղեստինի ժողովրդի իրավունքների շարունակական և կոպիտ ոտնահարման կապակցությամբ:

Իրանցի նախարարը նաւ դատապարտել է պաղեստինցիներին Սաուդյան Արաբիայում վերաբնակեցնելու վերաբերյալ Իսրայելի վարչապետի առաջարկը։

Իր հերթին Գուտերեշը վերահաստատել է ՄԱԿ-ի անհամաձայնությունը պաղեստինցիների բռնի տեղահանման ցանկացած ծրագրի հետ, ընդգծել է Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները հարգելու անհրաժեշտությունը և անընդունելի համարել Գազայի բնակչության տեղահանումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է Գազայի հատված մարդասիրական օգնության անհապաղ առաքման և անկլավի վերականգնման անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս